Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանից «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվեց, թե արդյոք ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի հունվարի 18-ին Հայաստան կատարելիք այցը չի՞ նշանակում, որ ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանից առաջ եվրոպական կառույցները կոշտացնում են Հայաստանի իշխանությունների նկատմամբ դիրքորոշումը: Եվրոպական կառույցների ուշադրությունը ՀՀ-ում ժողովրդավարության խնդիրների նկատմամբ Լևոն Զուրաբյանը պայմանավորում է մեր հասարակության համառ և հետևողական պայքարով: Նա հիշեցրեց, որ քաղբանտարկյալների, խոսքի ազատության ոտնահարումների և այլ խնդիրների մասին ՀԱԿ-ը մեկ տարի առաջ տվել է իր գնահատականները: «Եթե չլիներ հասարակության պայքարը, քաղբանտարկյալների` անազատության մեջ մնալը, պարբերաբար կազմակերպվող բողոքի ակցիաները, ՀԱԿ-ի հետևողականությունը, ինչո՞ւ պետք է եվրոպական կառույցներն իրենց օրակարգում թեժ պահեին Հայաստանի ժողովրդավարության խնդիրները»,- ասաց Լևոն Զուրաբյանը: