Ամանորին տաքսի գտնելը նման է հեծանիվ հայտնաբերելուն: Տաքսի ծառայությունները բոլորը գրեթե նույն պատասխանն են տալիս` ազատ տաքսի չունենք: Ավելի հեշտ տարբերակ է անմիջապես փողոցից տաքսի «բռնելը», բայց այս դեպքում ստիպված կլինեք վճարել կրկնակի ավելի թանկ, քան սովորական օրերին: Պատճառն այն է, որ չնայած տոներ են, վարորդները ստիպված են տաքսի սերվիսի տիրոջը վճարել օրական 20.000-40.000 դրամ «պլանի փող», ինչը երկու-երեք անգամ ավելի շատ է, քան սովորական օրերին: Այս պահանջը բավարարելու համար շատ վարորդներ նախընտրում են փողոցում ուղևոր «որսալ»: Ընդ որում, քանի որ տիրոջը վճարվող գումարը կրկնապատկվել-եռապատկվել է, վարորդներն իրավունք ունեն տաքսու դիսպետչերի հետ «կապի մեջ չլինել» ու տոնական տրամադրություն ունեցող մարդկանցից փող պահանջել` սեփական հայեցողությամբ:
Տոն օրերին թերանում են նաև երթուղայինները: Հանրային տրանսպորտի այս տեսակը աշխատում է շատ անկանոն հաճախականությամբ, հատկապես երեկոյան` երկար ժամանակ մարդկանց թողնելով ցուրտ կանգառներում: