Փետրվարի 12-ին Մայր աթոռ սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է մի խումբ ավստրիացի կաթոլիկ ուսանողների` հայագետ Յասմին Դունթղագութի ուղեկցությամբ:
Մայր աթոռի մամլո դիվանից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, Յ. Դունթղագութը շնորհակալություն է հայտնել Վեհափառ հայրապետին ընդունելության համար և ներկայացրելլ այցելության նպատակը: Նա մասնավորապես նշել է, որ Ավստրիայի տարբեր քաղաքներից ու համալսարաններից հավաքված և տարբեր մասնագիտություններ ունեցող ուսանողների այս խումբն ամեն տարի այցելում է որևէ մի քրիստոնյա երկիր: Այս տարի խումբն այցելել է Հայաստան` ծանոթանալու հայկական հարուստ մշակույթին, պատմությանը, եկեղեցուն և առհասարակ հայերի առօրյա կյանքին:
Վեհափառ Հայրապետը ուրախություն է հայտնել ուսանողներին ընդունելու կապակցությամբ` նշելով, որ նրանց այցելությունը հիշեցնում է իր ուսանողության տարիներն Ավստրիայում:
Նորին Սրբությունն իր օրհնությունն է բերել երիտասարդներին` մաղթելով, որ Հայաստանի հարուստ հոգևոր մշակույթը նորանոր ներշնչումների աղբյուր դառնա նրանց համար: