«Գավրելա-Զակարպատիե»-ի հետ ստուգողական հանդիպումից հետո «Շիրակ»-ի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանն ակումբի պաշտոնական կայքին ասաց հետևյալը.
«Առաջին հանդիպումն էր Անթալիայում, մի փոքր բարդ էր տղաների համար, քանի որ խոտածածկն էր փոխվել. արհեստականից անցել ենք բնականի: Հանդես եկանք երկու տարբեր կազմերով: Այսօրվա դրությամբ դեռ պարզ չէ, թե ինչ կազմով ենք սկսելու առաջնությունը: Հիմնականում այս հավաքը տրամադրել ենք խաղերի: Կանցկացնենք ևս երեք հանդիպում ու այս հավաքից հետո արդեն 90 տոկոսով կկողմնորոշվենք կազմի հարցում:
Պետք է ասեմ, որ այս հանդիպումից դժգոհ չեմ: Մենք պարտվեցինք, սակայն ֆուտբոլիստները որոշակի չափով առաջադրանքը կատարեցին: Այս պահին մեզ համար արդյունքը երկրորդական է: Այն ամենն, ինչ անում ենք մարզումների ժամանակ, փորձեցինք կիրառել խաղի ընթացքում, մասամբ ստացվեց: Մեզ մոտ չստացվեց հարձակման եզրափակիչ մասը:
Թիմում փորձաշրջան անցնող ֆուտբոլիստներ կան, ավելի շատ խաղային ժամանակ նրանց ենք տրամադրում, փորձում ենք խաղացողներ տարբեր դիրքերում: Փնտրում ենք, որ գտնենք օպտիմալ կազմը»: