«Շիրակ»-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ երեկ թիմն անցկացրեց իր առաջին ստուգողական հանդիպումը` երրորդ ուսումնամարզական հավաքի ժամանակ: Գյումրեցիների հակառակորդն էր Ուկրաինական «Գովերլա-Զակարպատիե» թիմը, որտեղ հանդես է գալիս հայազագի ֆուտբոլիստ Եղիշե Մելիքյանը:
Առաջին խաղակեսում թիմերը հավասար պայքար էին մղում, պաշտպանությունում շատ լավ խաղացին Գևորգ Հովհաննիսյանը և Դիդյե Բորիսը: Ուկրաինացիները մի քանի անգամ վրիպեցին նպաստավոր դիրքերից, մեկ անգամ էլ «Շիրակ»-ին վերահաս գոլից փրկեց դարպասապահ Արթուր Հարությունյանը: Երկրորդ խաղակեսում «Զակարպատիեի» ֆուտբոլիստները սկսեցին ավելի ակտիվ գործել եւ կարողացան 70-րդ րոպեին բացել հանդիպման հաշիվը. գոլի հեղինակ դարձավ վրացի լեգեոներ Լաշա Ջակոբիան:
Մի քանի րոպե անց փոխարինման դուրս եկած Անդրանիկ Բարիկյանը գեղեցիկ հարված կատարեց, սակայն գնդակը դիպավ ուղղահայաց դարպասաձողին: 89-րդ րոպեին Ջակոբիան դարձավ դուբլի հեղինակ: Այսպիսով` «Շիրակ»-ը պարտվեց 0:2 հաշվով: