«Հայելի» ակումբի այսօրվա հյուրերն էին ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը և «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը:
Անդրադառնալով երեկ Հրազդանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններին՝ Ստեփան Սաֆարյանը նշեց, որ մամուլի արձագանքները, լուսաբանումները հիմք ընդունելով` ընտրություններում լարվածությունն ավելին էր, քան պիտի լինի:
«Միակ սպասելիքը կեղծիքներն էին, լավ բան չէինք սպասում: Կապի մեջ եմ եղել մեր գործընկերների հետ, քվեարկության ընթացքում ըստ էության տեղի է ունեցել այն, ինչ մշտապես է տեղի ունենում` ընտրակաշառքների տարբեր դրսևորումներ: Ընտրական գործընթացում պահպանվել է արատը»:
ՀԱԿ-ը ուժերը կենտրոնացրել էր Հրազդանի վրա, բայց չկարողացավ հաղթանակ ապահովել՝ նկատեցին լրագրողները, ի՞նչ պետք է անել. «Ընդդիմությունը լուրջ մարտահրավերի առջև է»,- նկատեց Ս. Սաֆարյանը:
Կարեն Ավագյանն անդրադառնալով Հրազդանի քաղաքապետի ընտրություններին՝ նկատեց, թե «դիտարկումները» բամբասանքներ են: Եթե խախտումները զգալի էին, թող Ս. Միքայելյանի շտաբը բողոք ներկայացնի, մինչդեռ ըստ նրա` նրանք չեն պատրաստվում դա անել:
«Հրազդանում ՀԱԿ-ի, «Ժառանգության», «Ազատ դեմոկրատներ»-ի ներկայացուցիչների համագործակցությունը ազդեցություն է ունեցել, եթե այս համագործակցությունը չլիներ` իշխանությունները ավելի բաց կգնային կեղծիքների»,- նկատեց Ս. Սաֆարյանը:
ՀՀԿ-ական պատգամավորը անդրադարձավ ընդդիմադիր ուժերի համագործակցությանը և նկատեց. «Ընդդիմադիր բոլոր ուժերը համագործակցում էին Հրազդանում, բայց չկարողացան հաղթանակ ապահովել. սա է իրականությունը»: