Ինչպես հաղորդում է Xinua գործակալությունը, Չինաստանի սուպերմարկետներից առգրավվում են Red Bull էներգետիկ ըմպելիքի խմբաքանակները, քանի որ նրանում, հնարավոր է, պարունակվում են վտանգավոր նյութեր:
Նշվում է, որ սուպերմարկետներն այս քայլին են գնացել այն բանից հետո, երբ ըմպելիքի մեջ հայտնաբերվել են Չինաստանում չգրանցված որոշ նյութեր: Մասնավորապես, խոսքը նատրիումի բենզոատի մասին է, որը կոֆեինի հետ համադրելիս ստանում են A դասի նյութ: Վերջինս կիրառվում է հոգեկան հիվանդություններ բուժելու համար:
Նշվում է, որ այս նյութի օգտագործումը կարող է հանգեցնել գլխացավերի, սթրեսի, նարկոմանիայի: Այս մասին հայտարարել է Հարբինի բժշկական գիտությունների համալսարանի դոկտոր Չժան Ցզինը:
Չնայած Red Bull-ի պաշտոնական կայքում տարածվել է հայտարարություն, համաձայն որի՝ իրենց արտադրանքն անվտանգ է, այդուհանդերձ՝ խոշոր քաղաքների սուպերմարկետները, անվտանգության նկատառումներից ելնելով, դադարեցրել են այդ ըմպելիքի վաճառքը: