Հոգեբանական տեսակետից պասի շրջանը դրական է այն իմաստով, որ լավ է, երբ մարդիկ ինքնամաքրման կարիք են զգում և գնում են ինքնամաքրման` թեկուզ այդ ճանապարհով: Միաժամանակ, ամենևին պարտադիր չէ ինքնամաքրման համար պաս պահելը: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը: Նրա խոսքերով, մարդ ինքնամաքրման կարող է գնալ վարքի և ինքնաներշնչման միջոցով ևս: Չնայած մեզանում շատ հաճախ պասը հասկանում են ոչ թե որպես հոգևոր ինքնամաքրում, այլ զրկանք որոշակի ուտեստներից: «Նույնիսկ այդ առումով դա իմաստավորված է առողջության պահպանման տեսանկյունից, քանի որ Նոր տարվա խրախճանքներից հետո իսկապես օրգանիզմը թեթևանում է: Կան նաև մարդիկ, որոնք թեև ապրելակերպով հոգևոր ինքնամաքրման են ձգտում, բայց իրենց չեն կարողանում զրկել սննդատեսակներից»,- ընդգծեց հոգեբանը և ավելացրեց, որ ամեն դեպքում կարևորը հոգևոր ինքնամաքրումն է: