Ընտրությունների արդարությունը կախված է քաղաքացիական հասարակությունից: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը`խոսելով նախընտրական տրամադրությունների շուրջ: Նա նշեց, որ չի հավատում իշխանության այն պնդումներին, թե ցանկանում են արդար ընտրություններ կազմակերպել: «Միգուցե այդ մարդիկ մտածում են, որ ցանկանում են դա, բայց սա ցանկությամբ չէ, որովհետև համակարգը թույլ չի տա: Համակարգը հարմարեցված չէ արդար ընտրություններին: Միակ գրավականը ընտրությունների այսպիսին կամ այնպիսին լինելու հասարակության ակտիվության չափն է»,- նշեց հրապարակախոսը:
Նրա համոզմամբ` շատ բան է կախված նրանից, թե ինչքանով է քաղաքացիական հասարակությունը ցանկանում ազատ և արդար ընտրություններ անցկացնել: Հրանտ Տեր-Աբրահամյանն ասաց. «Շատ ենք ասում, որ ընտրությունները կեղծում են իշխանությունները, բայց դրանք կեղծում են մարդիկ, ովքեր մեր շուրջն են ապրում: Այսինքն` այդ մարդկանցից, հասարակությունից է կախված ընտրությունների արդարությունը: Եթե հասարակության մեջ գերակշռեն այն մարդիկ, ովքեր դեմ են դրան, չեն կեղծվի ընտրությունները»:
Անդրադառնալով նախընտրական զարգացումներին` հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը նշեց, որ այս պահին ամենաթեժ կետը Հրազդանում է: Ըստ նրա` Հրազդանում ընտրություններից հետո շատ հարցեր պարզ կդառնան: