1919թ. այս օրը հայկական երկու պատվիրակություններ՝ Պողոս Նուբարի և Ավետիս Ահարոնյանի գլխավորությամբ, Փարիզի հաշտության կոնֆերանսին ներկայացրին հանրահայտ «Հայերի պահանջների վերաբերյալ հուշագիրը», որի հիմնադրույթներն էին հայկական անկախ պետության ճանաչումը, հայկական կորուստների փոխհատուցումը, դաշնակից տերություններից մեկին 20 տարով Հայաստանի մանդատ հանձնելը, հայերի զանգվածային ոչնչացման մեղավորներին պատժելը:
1918-1920թթ. անհրաժեշտ էր համագործակցություն ապահովել հայության երկու հատվածների մեջ, բավարար ուժ կուտակել պահպանելու համար Հայաստանի Հանրապետությունը, հզորացնելու այն և ընդարձակելու նրա տարածքները:
Այդ նպատակն էին հետապնդում Արևմտահայերի Առաջին և Երկրորդ համագումարները 1917 թ. և 1919թ. Երևանում, Փարիզի ազգային համագումարը 1919-1920թթ. և Ազգային պատվիրակության գործունեությունը Պողոս Նուբար Փաշայի գլխավորությամբ:
Հայաստանի Հանրապետության իշխանական կառույցների շրջանակներում իրենց խնդիրները լուծելու համար Արևմտահայերի Երկրորդ համագումարի փետրվարի 13-ի նիստում ստեղծված Գործադիր մարմնի ընտրած 12 արևմտահայ պատգամավորներ տեղ գրավեցին ՀՀ
խորհրդարանում:
1919-1920թթ. Երևանում և Փարիզում բանակցությունները, որոնց նպատակն էր ստեղծել Միացյալ կառավարություն արևելահայերի և արևմտահայերի մասնակցությամբ, ձախողվեց: