«Մայքրոսոֆտ»-ը ոչ մի ծառայություն, լիցենզիա անմիջականորեն չի վաճառում հաճախորդին, այլ դա իրականացնում է տեղական ընկերություններ ներգրավելով: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Մայքրոսոֆտ»-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գրիգոր Բարսեղյանը: Նրա խոսքերով, ելնելով ընկերությունների փորձառության ու գիտելիքների մակարդակից` իրենք առանձնացնում են երեք տիպի գործընկեր` գրանցված գործընկեր, սերտիֆիկացված (հավաստագրված) գործընկեր, որն արդեն բավարարում է միջազգային որոշ չափանիշների և երրորդը` ոսկյա սերտիֆիկացված գործընկեր: «2006-ին «Մայքրոսոֆտ»-ն ընդհանրապես Հայաստանում գործընկեր չուներ: Այսօր մինչև 100 տեղական ընկերությունների հետ աշխատում ենք, ընդ որում՝ դրանցից 15-ն արդեն ոսկյա սերտիֆիկացվածության կարգավիճակ ունեն: Այսինքն` Հայաստանի այս ոլորտի 15 կազմակերպություն արդեն բավարարում են միջազգային ամենաբարձր չափանիշներին»,- նշեց Գ. Բարսեղյանը: