1935թ. այս օրը Լոռու մարզի Ահնիձոր գյուղում ծնվեց գրող, արձակագիր, կինոսցենարիստ Հրանտ Իգնատի Մաթևոսյանը:
1952թ. տեղափոխվել է Երևան: Սովորել է Կիրովականի մանկավարժական ինստիտուտում, 1958-1962թթ. Երևանի մանկավարժական ինստիտուտի պատմալեզվաբանական ֆակուլտետում: 1966-1967թթ. հաճախել է Մոսկվայի բարձրագույն կինոսցենարական կուրսերին, 1965-1967թթ. Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացներին:
1955-1958թթ. աշխատել է թիվ 2 տպարանում, 1958-1962թթ. սրբագրիչ «Սովետական գրականություն» ամսագրում և Գրական թերթում: Գրական ասպարեզ է իջել 1961թ.լայն արձագանք գտած «Ահնիձոր» ակնարկով: Նախասիրած ժանրը վիպակն է: Գրել է պատմվածքներ, վիպակններ, էսսեներ, հրապարակախոսական հոդվածներ, սցենարներ ու կինոսցենարներ:
ՍՍՀՄ գրողների միության անդամ է 1964-ից: 1995-2000թթ. նախագահել է Հայաստանի գրողների միությունը:
1967թ. արժանացել է Дружба народов ամսագրի մրցանակի, 1984թ. Գրականության ՀԽՍՀ պետական մրցանակի, 1984թ. Գրականության ԽՍՀՄ պետական մրցանակի, ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի ասպետ է (1996թ.):
Գրել է «Մենք ենք մեր սարերը» (1962թ.), «Բեռնաձիեր» (1974թ.), «Տաշքենդ» (1982թ.), «Աշնան արև» (1973թ.), «Խումհար» վիպակները, «Տերը» կինովիպակը, պատմվածքներ, պիեսներ, որոնք 1967-ից ի վեր, տարբեր հավաքածուներ դառնալով, բազմիցս հրատարակվել են տարբեր լեզուներով: Մոսկվայի Прогресс հրատարակչությունը The Orange Herd (Նարինջ երամակը) խորագրով հավաքածու է հրատարակել ուրդու լեզվով և անգլերեն:
1994թ. փարիզյան «Ալբին Միշել» հրատարակչությունը տպագրել է Հր. Մաթևոսյանի ընտրանին՝ «Աշնան արև» խորագրով:
Նրա սցենարներով նկարահանվել են «Մենք ենք մեր սարերը», «Աշնան արև», Տերը», «Այս կանաչ-կարմիր աշխարհը» կինոնկարները, նրա գործերի նյութերով՝ «Օգոստոս» կինոնկարը, հեռուստատեսային բեմականացումներ են դարձել Մաթևոսյանի «Մեծամոր» էսսեն և «Չեզոք գոտի» պիեսը, Երևանի դրամատիկական թատրոնում բեմականացվել են «Աշնան արևը» և «Կայարանը»:
Ստեղծագործությունները թարգմանվել և հրապարակվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, լիտվերեն, մոլդովերեն, էստոներեն, վրացերեն, ղազախերեն, կիրգիզերեն, ուկրաիներեն, չեխերեն, հունգարերեն, նորվեգերեն, բուլղարերեն և այլ լեզուներով:
Մահացել է 2002թ. դեկտեմբերի 18-ին Երևանում: