Վաղը Հրազդանի քաղաքապետի ընտրությունների օրն է: Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ Սասուն Միքայելյանը և գործող քաղաքապետ Հանրապետական Արամ Դանիելյանը երեկ ավարտել են իրենց նախընտրական հանդիպումներն ու վաղն արդեն կսպասեն հրազդանցիների քվեարկության նախնական արդյունքներին:
«Լսե՛ք, դո՛ւք, է՛յ, վերևո՛ւմ, տասներկու տարի առաջ ես ձեզ թողեցի քաղաքապետարանը, խոստացա, որ հետ եմ վերադառնալու։ Իմացե՛ք` գալիս եմ մի քանի օրից»,- հինգշաբթի օրը Հրազդանում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի անդամ, Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանը:
Հրազդանի գործող քաղաքապետն արդեն տասը տարի է, ինչ ղեկավարում է Հրազդանը: Ընդդիմության թեկնածու Սասուն Միքայելյանը Հրազդանը կառավարել է երեք տարի` 1996-1999 թվականներին: Երկուսն էլ հրազդանիցներին խոստանում են բարեկարգ քաղաք, արժանապատիվ կյանք:
Լուսանկարը՝ «Հայկական ժամանակի»