Սուդանը և անցյալ տարի կազմավորված Հարավային Սուդանի Հանրապետությունը Աֆրիկյան միության միջնորդությամբ ստորագրել են միմյանց վրա չհարձակվելու համաձայնագիր:
Այս մասին հայտարարել է Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Տաբո Մբեկին, ով մասնակցել է երկու երկրների միջև առկա տարաձայնությունները հարթելու բանակցություններին:
Փաստաթուղթը նպատակ ունի նվազեցնել երկու երկրների միջև առկա լարվածությունը` կապված նավթի արդյունահանման հետ:
Համաձայնագրում նշվում է, որ «երկու երկրները հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը և սուվերենությունը, զերծ կմնան միմյանց ներքին գործերին միջամտելուց և զինված հարձակումներից»:
Ավելի վաղ Սուդանի նախագահ Օմար Բաշիրը հայտարարել էր, որ տարաձայնությունը կարող է վերածվել պատերազմի: