Կապանի ավագանու որոշմամբ` 2011թ. հունվարի 1-ից քաղաքի նախակրթարաններում ծնողական լրավճարների չափը 3 հազար դրամից դառնալու է 4 հազար դրամ: Սա պայմանավորված է սննդամթերքի գների թանկացմամբ: Ըստ քաղաքապետարանի պաշտոնյաների` մանկապարտեզ հաճախող մեկ երեխայի համար ներկայիս 14 հազար 200 դրամի փոխարեն, կծախսվի 18 հազար դրամ: Միակողմանի, երկկողմանի ծնողազուրկ, զոհված եւ հաշմանդամ ազատամարտիկների, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար գործելու են զեղչեր: Կլինեն նաեւ երեխաներ, ովքեր մանկապարտեզ կհաճախեն անվճար: Նրանց համար ծնողական լրավճարներ կկատարեն հովանավորները: Դեկտեմբեր ամսին բոլոր նախակրթարաններում ժողովներ են հրավիրվել ու ծնողները տեղեկացվել են այս մասին: