Ամերիկյան Fannie Mae եւ Freddie Mac հիփոթեքային ընկերություններին մինչեւ 2013թ. անհրաժետ է տրամադրել $363 մլրդ, հաշվարկել է ԱՄՆ բնակարանային ֆինանսավորման գործակալությունը: Պետական բյուջեից տրամադրված գումարն այժմ արդեն կազմում է $148 մլրդ: Fannie Mae-ի եւ Freddie Mac-ի փրկության խնդիրը կախված կլինի նրանից, թե ինչ զարգացումներ կլինեն ԱՄՆ անշարժ գույքի շուկայում: Պետական բյուջեից երկու ընկերություններին անհրաժեշտ է $238 մլրդ, ընդ որում` ԱՄՆ ֆինանսների նախարարությունից ստացված գումարների մի մասը ընկերությունները պետք է վերադարձնեն: Bloomberg-ի գնահատականով, այդ գումարները կարող են շատ ավելին լինել, քանի որ տրամադրված հիփոթեքային գումարների մոտ 20%-ը չի վերադարձվում: Գործակալությանը տված հարցազրույցում Egan Jones Ratings վարկանիշային ընկերության նախագահ Շոն Իգանի կարծիքով, այդ գումարը կարող է հասնել մինչեւ $1 տրլն.:
Հիշեցնենք, որ Fannie Mae եւ Freddie Mac ընկերությունները ֆինանսական ճգնաժամի ընթացքում անցել են պետական կառավարման տակ, այն բանից հետո, երբ 2008թ. սեպտեմբերին հայտնվել էին սնանկացման եզրին: