«ՀԺ»-ն գրում է, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մերձավոր Աշոտ Ավետիսյանը, որ հայտնի է Բանգլադեշցի Համո անունով, նախօրեին Արաբկիրի դատախազության որոշմամբ ազատ է արձակվել: Նրա կալանքը փոխարինվել է չբացակայելու ստորագրությամբ:
«Բանգլադեշցի Համոն ձերբակալվել էր հունվարի 19-ին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին հնազանդեցնելու օպերացիայի շրջանակներում, խուլիգանության և տուժողին ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով:
Եվ հիմա դիտորդները փորձում են հասկանալ, թե ինչ է նշանակում նրա ազատ արձակումը: Այստեղ կարող է լինել մի քանի տարբերակ. կամ Բանգլադեշցի Համոն պարտավորվել է առաջիկա ընտրություններում աշխատել ՀՀԿ-ի օգտին, կամ Գագիկ Ծառուկյանը հնազանդության երաշխիքներ է տվել Սերժ Սարգսյանին, կամ դատախազությունը, որ Համոյին ազատելու որոշում է կայացրել, դուրս է եկել Սերժ Սարգսյանի վերահսկողությունից, կամ էլ՝ Սերժ Սարգսյանը որոշել է պաշտոնանկ անել ոստիկանության պետ Վովա Գասպարյանին, որը Համոյի ձերբակալության կնքահայրն էր:
Թե այս տարբերակներից որ մեկն Է իրականը, կերևա առաջիկայում»,- հավելում է «ՀԺ»-ն: