Այսօր Բրազիլիայի արտիստնեը չեղյալ են հայտարարել իրենց ելույթները Բահիա նահանգում անցկացվող կառնավալին, որտեղ ոստիկանության գործադուլի հետևանքով աճել է բռնությունների թիվը: Այս մասին տեղեկացնում է RIA-Novosti-ն՝ վկայակոչելով տեղական պրոդյուսերական կենտրոնները:
Բահիա նահանգի Սալվադոր քաղաքում ոստիկանությունը գործադուլ է հայտարարել դեռևս հունվարի 31-ից, ինչի հետևանքով երկրում աճել է հանցագործությունների թիվը: Այս ընթացքում կատարված սպանությունների թիվն աճել է 129%-ով:
Ստեղծված իրավիճակը վտանգել է փետրվարի 17-ից մինչև 22-ը տևող կառնավալի շրջանակներում ավանդական միջոցառումների անցկացումը, և տեղական արտիստներից շատերն արդեն չեղյալ են հայտարարել իրենց ելույթները:
Սալվադոր քաղաքում անցկացվող կառնավալը Բրազիլիայում ամենաավանդականներից է և զիջում է միայն Ռիո դե Ժանեյրոյի աշխարհահռչակ կառնավալին:
Ի դեպ, Բահիա նահանգի ոստիկանների գործադուլը, որոնք պահանջում են աշխատավարձի բարձրացում և սոցիալական նպաստների տրամադրում, մինչ օրս շարունակվում է: