Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) պատրաստվում է Սիրիայում իրավիճակի կայունացմանն ուղղված իր ջանքերը համաձայնեցնել Ռուսաստանի և Չինաստանի հետ: Այս մասին հայտարարել է կազմակերպութան գլխավոր քարտուղարի տեղակալ Ահմեդ բեն Հելին:
«Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մշտական կապ է պահպանում ԱՊԼ գլխավոր քարտուղար Նաբիլ Ալ-Արաբիի հետ ինչպես Դամասկոս նրա այցից և նախագահ Բաշար Ալ-Ասադի հետ հանդիպումից առաջ, այնպես էլ հետո»,- ասել է Բեն Հելին արաբական Al-Sharq Al-Awsat թերթին տված հարցազրույցում:
Բեն Հելիի խոսքերով՝ Լավրովն Ալ-Արաբիին տեղեկացրել է Դամասկոսի հետ ունեցած բանակցությունների մասին: Իր հերթին ԱՊԼ գլխավոր քարտուղարն այդ տեղեկությունը կփոխանցի արաբական երկրների արտգործնախարարներին: «Ես նաև ուղերձ եմ ստացել Չինաստանի դեսպանից, որում շարադրված է Պեկինի դիրքորորշումը սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում»,- ավելացրել է Բեն Հելին: Նրա խոսքերով՝ Չինաստանը հանդես է գալիս արաբական երկրների օգնությամբ ԱՊԼ նախաձեռնությունը հաջողությամբ իրականացնելու օգտին:
ԱՊԼ գլխավոր քարտուղարի տեղակալը թերթին տված հարցազրույցում հերքել է այն լուրերը, որ արաբական երկրները պատրաստվում են ճանաչել Սիրիայի ընդդիմությունը:
Խոսելով ԱՊԼ դիտորդական առաքելության՝ Սիրիա վերադառնալու մասին, դիվանագետը նշել է, որ այն կարող է իր աշխատանքները սկսել միայն ԱՊԼ խորհրդի որոշումից հետո: «Առաքելությունն արդեն Սիրիա չի վերադառնա իր նախկին տեսքով, հնարավոր է, որ փոխվի նրա կարգավիճակը, որպեսզի այն ավելի արդյունավետ և օգտակար աշխատի»,- ասել է նա:
Հիշեցնենք, փետրվարի 4-ին Ռուսաստանը և Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակեցին Սիրիայի դեմ բանաձևը: