ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նախատեսում է քննարկել իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ Սիրիա նրա այցելության արդյունքները, եթե ՌԴ ԱԳՆ ղեկավարը շահագրգռված է նման քննարկմամբ: Այս մասին երեկ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նյուլանդը:
«Մենք ակնկալում ենք, որ եթե նա (Լավրովը – խմբ.) շահագրգռված է այն բանում, որ պատմի նրան (Քլինթոնին Դամասկոս կատարած այցելության մասին – խմբ.), ապա կկապվի մեզ հետ, երբ ինքը (Լավրովը – խմբ.) պատրաստ լինի»,- ասել է Նյուլանդը: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
Հիշեցնենք, որ երեկ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնել էր Սիրիա` ներքաղաքական զարգացումները քննարկելու համար: Սիրիայի նախագահի հետ հանդիպումից հետո վերջինս հայտարարել էր, որ պատրաստ է երկխոսության բոլոր քաղաքական կազմակերպությունների հետ և շահագրգռված է բռնությունների դադարեցման հարցում: