«Որոշ տեղեկությունների համաձայն՝ Արագածոտնի մարզի մի հատվածն ընդգրկող թիվ 15 ընտրատարածքում իշխող ՀՀԿ-ն այս անգամ մեծամասնական ընտրակարգով կարող է պաշտպանել Թալինի քաղաքապետ Մնացական Մնացականյանի թեկնածությունը»,- գրում է «168 ժամ»-ը և հավելում.
«Մինչդեռ այդ նույն ընտրատարածքից նախորդ ընտրություններում մեծամասնականով պատգամավոր է դարձել ՀՀԿ մեկ այլ անդամ՝ Խաչիկ Մանուկյանը: Երեկ նա մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ կրկին առաջադրելու է իր թեկնածությունը:
Իսկ եթե ՀՀԿ-ն չպաշտպանի՞: «Բայց չառաջադրվելու պատճառ պետք է լինի: Ինչի՞ համար, վա՞տ ենք աշխատել: Ինչ արել ենք, կուսակցության համար ենք արել: Նույնիսկ երբեմն մեր անձնական սուբյեկտիվ որոշումները հարմարեցրել ենք կուսակցության դիրքորոշման հետ: Թողել ենք մեր անձնական դիրքորոշումը, ընդունել ենք կուսակցական որոշումները»,- պատասխանել է Աժ ՀՀԿ-ական պատգամավորը: