ԱՄՆ Պետդեպարտամենտը մշակում է Բաղդադում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների թիվ կրճատելու ծրագիր:
Ինչպես հաղորդում է The New York Times թերթը, 16 հազար աշխատակիցներից Իրաքում կմնա ոչ ավել, քան 8 հազար մարդ: Ընդ որում՝ հայրենիք կուղարկվեն ոչ միայն անվտանգության աշխատակիցները, այլև դիվանագետների մի մասը, որոնց թիվն այժմ մոտ 2000 է:
ԱՄՆ-ը ստիպված է նման քայլի դիմել մի քանի պատճառներով: Նախ՝ աշխարհի ամենամեծ դեսպանատունը պահելու համար Վաշինգտոնը տարեկան ծախսում է շուրջ 6 մլրդ դոլար: Երկրորդ՝ այդքան մեծ թվով աշխատակիցների արդյունավետությունը կասկածի տեղիք է տալիս ոչ միայն ամերիկացիների, այլև Իրաքի կառավարության մոտ: Երրորդ՝ ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո պաշտոնական Բաղդադն անընդհատ դժվարություններ է ստեղծում դիվանագետների աշխատանքներում: Այսպես, Քուվեյթից զինամթերք տեղափոխող մեքենաները մշտապես կանգնեցվում են սահմանին, տեղի պաշտոնյաներն արհամարհում են ամերիկյան կողմի խնդրանքները, դեսպանատան աշխատակիցների վրա նոր սահմանափակումներ են դրվում:
Դրությունը բարդացնում է նաև այն հանգամանքը, որ ԱՄՆ-ի և Իրաքի միջև մինչ այժմ պաշտոնական պայմանավորվածություն չկա դեսպանատան և նրա աշխատակիցների աշխատանքի ռեժիմի և կարգի վերաբերյալ:
Իրաքցիներն իրենց գործողությունները արդարացնում են այն հանգամանքով, որ իրենք հետևում են սեփական ինքնիշխանությանը և չեն հասկանում՝ ինչի համար է ԱՄՆ դեսպանատունն աշխատում այդքան եծ հաստիքով:
Վաշինգտոնին աշխատակիցների թիվը կրճատելուն մղել է այն հանգամանքը, որ մի շարք ծրագրեր, որոնցով պետք է զբաղվեին դեսպանատան աշխատակիցները, այժմ միանգամայն անարդյունավետ են: Այսպես, օրինակ, Իրաքն ինքն է խնդրել դադարեցնել ոստիկանների վերապատրաստումները, որի վրա ամեն տարի ԱՄՆ-ը ծախսում էր կես միլիարդ դոլար:
Միևնույն ժամանակ, The Washington Post-ը գրում է, որ ԿՀՎ ներկայացուցչությունը Բաղդադում անփոփոխ կմնա, քանի որ համաձայն Վաշինգտոնի նոր ռազմավարության՝ այդ կառույցը պետք է ավելի ակտիվորեն աշխատի Իրաքում: Դա բացատրվում է նրանով, որ այդ երկրի կառավարությունը գնալով ավելի սերտ կապեր է հաստատում Իրանի հետ և նրա տարածքում գնալով ավելի ակտիվորեն են սկսում գործել «Ալ-Քաիդա» կազմակերպության ահաբեկիչները: