Մինչ քրիստոնեությունը բոլոր ժողովուրդների պես հայերը Նոր տարին նշել են գարնանը` բնության զարթոնքի հետ: Շատ ժողովուրդներ, օրինակ՝ եզդիները, քրդերը, մինչ օրս Նոր տարին շարունակում են նշել գարնանը: Նոր տարին նշվել է գարնանային գիշերահավասարի օրը, երբ հավասարվել են գիշերն ու ցերեկը: Հետագայում Նոր տարին համընկել է բերքահավաքի վերջի հետ` օգոստոս ամսին` նավասարդին, երբ հավաքել են ողջ ցորենը: Նավասարդի մասին հիշատակում են նաև Մովսես Խորենացին և մյուս պատմիչները: Ավելի ուշ` 18-րդ դարում, Սիմեոն Երևանցի կաթողիկոսը պաշտոնապես Նոր տարվա սկիզբ համարեց հունվարի 1-ը, սակայն երկար ժամանակ ժողովրդական սովորությամբ այն նշվում էր նավասարդին: Իսկ մինչ այդ Նոր տարին հայերը նշել են նաև աշնանը` նոյեմբեր ամսվա առաջին երկու շաբաթվա ընթացքում, երբ գյուղացին վերջացնում էր գյուղատնտեսական և անասնապահական աշխատանքները: Մշեցիներն այդ տոնն անվանում էին նախրաթող, երբ նախիրները լեռնային արոտավայրերից բերում էին մշտական գոմերը, այսինքն՝ Նոր տարվա անունը նույնպես պայմանականորեն փոխվել է՝ կապված տնտեսական տարվա ցիկլի հետ: Այսպիսով, մենք Նոր տարին հունվարի 1-ին նշում ենք 18-րդ դարից սկսած: