Հայտնի է, որ 2011/12 թթ. Հայաստանի Գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը տեղի է ունենալու ապրիլի 29-ին` Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում: Նույն օրը կայանալու է նաև Գյումրիի «Քաղաքային» վերակառուցված մարզադաշտի հանդիսավոր բացումը: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, անդրադառնալով Գավաթի խաղարկությունը Գյումրիում անցկացնելու փաստին, ՀՖՖ պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է.
«Որոշումն աննախադեպ չէ: Ֆուտբոլի երկրպագուները հիշում են, որ 2008 թվականին էլ Գավաթի խաղարկության եզրափակիչն անցկացվել է Իջևանում: Ֆուտբոլի համաչափ զարգացումը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջնահերթություններից է: Ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացումը, ֆուտբոլային մթնոլորտը նաև մարզեր տեղափոխելը ֆուտբոլի զարգացման ուղղություններից մեկն է: Այս մեխանիզմը վաղուց կիրառվում է Եվրոպական երկրներում: Նույնիսկ ազգային հավաքականների հանդիպումներն են անցկացվում ոչ մայրաքաղաքներում:
Գավաթի խաղարկությունն այս անգամ անցկացնելով Գյումրիում և հանդիսավորապես բացելով վերակառուցված «Քաղաքային» մարզադաշտը` մենք մեծ ֆուտբոլային տոն ենք պարգևելու մեր երկրպագուներին: Բազմիցս ու տարբեր առիթներով ասել եմ, որ ամեն ինչ անելու եմ Գյումրիում ֆուտբոլի զարգացման համար»: