ՀՀ արդարադատության նախարարությունը Քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի կողմից բացահայտվող գրեթե բոլոր դեպքերի հետ կապված՝ նույն եզրակացությունն է տալիս. դիտորդական խմբի բացահայտումները չեն համապատասխանում իրականությանը, և քրեակատարողական հիմնարկների ծառայողների կողմից որևէ խախտում չի արձանագրվել:
ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբն այսօր ներկայացրեց դիտորդական խմբի կողմից 2011 թվականի ընթացքում ներկայացված հրատապ հաշվետվություններն ու դիմումները:
Դիտորդական խմբի անդամ Էդմոն Մարուքյանի խոսքով` խումբը որքան էլ շրջում է քրեակատարողական հիմնարկներով և փորձում բացահայտել ու հաշվետվություններ ներկայացնել դատապարտյալների խնդիրների վերաբերյալ, միևնույն է՝ ՀՀ արդարադատության նախարարությունը դրանց համարժեք լուծումներ չի տալիս, և արդյունքում դիտորդական խմբին բողոքող դատապարտյալները ստիպված են լինում հարմարվել քրեակատարողական հիմնարկների պատերի ներսում տիրող վարքուբարքի հետ:
Միայն 2011 թվականին դիտորդական խումբը 21 հրատապ հաշվետվություն և դիմում է ներկայացրել արձանագրված խախտումների վերաբերյալ, սակայն նախարարությունն այս դեպքերը չի բացահայտել ու դրանց առումով կասկածներ է հայտնել: Ի վերջո քրեակատարողական հիմնարկներում բողոքող դատապարտյալների դեմ խոշտանգումներն այն աստիճանի են հասել, որ դատապարտյալներն իրենք էլ հրաժարվել են դիտորդական խմբին իրենց հայտնած գրավոր բողոքներից: