Փենսիլվանիա նահանգի նախկին սենատոր Ռիկ Սանտորումը հաղթել է ԱՄՆ Հանրապետական կուսակցության կողմից անցկացվող նախնական ընտրությունների ժամանակ Միսուրի և Մինեսոտա նահանգներում: Այս մասին հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները:
Այս ընտրությունները պետք է որոշեն, թե ով է դառնալու այդ կուսակցության միասնական թեկնածուն առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ:
Այս պահին հայտնի չեն Կոլորադո նահանգի փրայմերիզի արդյունքները: Սա Սանտորումի արդեն երրորդ հաղթանակն է ընթացիկ նախնական ընտրություններում: Մինչ այդ նա հաղթել էր Այովա նահանգում:
Հանրապետական կուսակցության հիմնական թեկնածու համարվող Միթ Ռոմնին մինչև հիմա հաղթել է Նյու Հեմփշիրում, Ֆլորիդայում և Նևադայում, իսկ ԱՄՆ Կոնգրեսի նախկին խոսնակ Նյութ Գինգրիչը` միայն Հարավային Կարոլինայում:
Վերլուծաբանները նշում են, որ Սանտորումի այս հաջողությունը փոփոխություններ կմտցնի նախընտրական քարոզարշավում, քանի որ մինչ այդ հաղթողի հիմնական թեկնածու էր համարվում Ռոմնին: