Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը զգուշացրել է ՆԱՏՕ-ին, որ պետք չէ շատ արագ մերձենալ Ռուսատանի հետ: Այս մասին Մերկելը հայտարարել է` հանդիպելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ: Կանցլերի կարծիքով, Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի ինտեգրացիայի մասին խոսելը դեռ վաղ է, եւ խոսքը պետք է լինի ռազմավարական համագործակցության եւ կոնկրետ ծրագրերի իրագործման մասին:
Մերկելը մեծ առաջընթաց է համարում այն, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը մասնակցելու է ՆԱՏՕ-ի լիսաբոնյան գագաթաժողովին, որը կկայանա նոյեմբերին: Կանցլերի կարծիքով, գագաթաժողովին կողմերը պետք է միասին վերլուծեն գոյություն ունեցող վտանգները, ապա դրանից հետո մտածեն, թե որ կոնկրետ ծրագրերում կարելի է իրականացնել համագործակցությունը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն իր հերթին նշել է, որ Դաշինքի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները վերջին շրջանում բարելավվել են: Նա ավելացրել է, որ կան բազմաթիվ ոլորտներ, որտեղ երկու կողմերը կարող են հաջող համագործակցել` օրնակ բերելով ահաբեկչության եւ թմրանյութերի տարածման դեմ պայքարը, ինչպես նաեւ Աֆղանստանում իրականացվող գործողությունները: Նա նաեւ հրավիրել է Ռուսաստանին Հակահրթիռային պաշտպանության ծրագրի մշակման աշխատանքներին ակտիվ մասնակցություն ունենալու: