ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը Սիրիան փրկեցին արտաքին միջամտությունից.
«Ռուսաստանի ու Չինաստանի շնորհիվ չհաջողվեց Սիրիայում ռազմաքաղաքական միջամտության հենակետի ստեղծումը: Մի շարք երկրներ (Արևմուտքն ու արաբական աշխարհը) փորձում են Սիրիայում ռազմաքաղաքական միջամտության հենակետ ստեղծել, որպեսզի կործանեն Իսրայելի դիմակայության ճակատը և ապահովեն սիոնիստական ռեժիմի անվտանգությունը:
Սակայն Ռուսաստանի ու Չինաստանի պատասխանատու դիրքորոշման շնորհիվ այդ ջանքերը ձախողվեցին: Դա հերթական անգամ վկայեց, որ Իրանը չի միջամտում Սիրիայի ներքին խնդիրներին և դատապարտում է այդօրինակ միջամտության փորձերը, որոնք ձեռնարկվում են այլ երկրների կողմից»:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը ՄԱԿ-ի ԱԽ-ում Ռուսաստանն ու Չինաստանը վետո դրեցին Սիրիային առնչվող բանաձևի վրա: