Մի քանի ամերիկացի ձեռնարկատերեր խոստացել են 100 մլն դոլար տրամադրել, որպեսզի Բարաք Օբաման չկարողանա վերընտրվել նախագահի պաշտոնում: Այս մասին հաղորդում է The Huffington Post-ը:
Թերթը գրում է, որ նման որոշում է ընդունվել պահպանողական տրամադրություններով ձեռնարկատերերի և քաղաքական գործիչների հանդիպմանը, որը տեղի է ունեցել Կալիֆորռնիոայի հարավի առողջարաններից մեկում: Հղում անելով իր անանուն աղբյուրին՝ թերթը վստահեցնում է, որ հանդիպմանը ներկա է եղել 250-300 մարդ:
Միջոցառումը կազմակերպել են Չարլզ և Դևիդ Քոուք եղբայրները, որոնք պատրաստակամություն են հայտնել այդ նպատակի համար հանգանակել համապատասխանաբար 20 և 40 մլն դոլար:
Նման կոնֆերանսներ Քոուք եղբայրները կազմակերպում են 9-րդ տարին անընդմեջ: 2011 թ. հանդիպումն ուղեկցվեց բողոքի ակցիաներով, այս անգամ ամեն ինչ հանգիստ է անցել: Չարլզ և Դևիդ Քոուք եղբայրները, ի թիվս այլնի, հայտնի են «Թեյախմություն» կոնսերվատիվ շարժմանն իրենց աջակցությամբ:
ԱՄՆ-ում որոշակի սահմանափակում կա նախագահի թեկնածուի համար հանգանակվող գումարի վրա: Սակայն գործարարների խոստացած գումարները, ամենայն հավանականությամբ, կուղղվեն հատուկ քաղաքական «սուպերկոմիտեների», որոնք աջակցում են հանրապետական թեկնածուներին (այս դեպքում գումարի չափը սահմանափակ չէ):
Հանրապետական 4 թեկնածուներից ո՞ւմ են պաշտպանելու ձեռնարկատերերը՝ առայժմ հայտնի չէ: