Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր Դամասկոսում հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Հաղորդագրությունների համաձայն` հանդիպման ժամանակ Լավրովն ասել է, որ Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի արաբական պետությունները ապրեն խաղաղության և ներդաշնակության պայմաններում։ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հավելել է, որ յուրաքանչյուր առաջնորդ պետք է ընդունի «պատասխանատվության իր բաժինը»։
Ռուսաստանի արտգործնախարարը և արտաքին հետախուզության դաշնային ծառայության ղեկավար Միխայիլ Ֆրադկովը Դամասկոս են ժամանել այսօր։
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, իր հերթին, այսօր հայտարարել է Սիրիային առնչվող «նոր նախաձեռնության»` պաշտոնական Անկարայի ծրագրի մասին։
Նա «ֆիասկո» է անվանել անցած շաբաթվա վերջին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցածը, երբ Ռուսաստանը և Չինաստանը արգելափակեցին Սիրիայի վերաբերյալ բանաձևի ընդունումը։