Իտալիայի դատախազությունը խնդրել է Costa Concordia զբասանավի նավապետ Ֆրանչեսկո Սկետինոյին դատապարտել 2697 տարվա բանտարկության: Այս մասին գրում է The Daily Mail պարբերականը:
Երեկ տեղի ունեցած դատական գործի լսումներին Վճռաբեկ դատարանում մեղադրող կողմի ներկայացուցիչ Ֆրանչեսկո Վերուցիոն առաջարկել է կապիտանին դատապարտել 15 տարվա ազատազրկման` անզգուշորեն մահ պատճառելու համար, 10 տարի` նավի կործանման, 8-ական տարի` յուրաքանչյուր անհետ կորած կամ մահացած մարդու համար, ում նա թողել է բախտի քմահաճույքին` ընդհանուր առմամբ` 334 ուղևորի:
Դատախազության ներկայացուցիչը պահանջել է Սկետինոյին, որը ներկայում գտնվում է տնային կալանքի տակ, ուղարկել բանտ:
Իր խնդրանքը դատախազը պատճառաբանել է նրանով, որ Costa Concordia-ի կապիտանը կարող է միջամտել հետաքննության գործընթացին կամ թաքնվել արդարադատությունից:
Սկետինոյի շահերը պաշտպանող ներկայացուցիչներն իրենց հերթին հայտարարել են, որ աղետից հետո իրենց հաճախորդը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից ու մտադիր չէ միջամտել հետաքննությանը:
Դատարանը, լսելով երկու կողմերին, վճռի հրապարակումը տեղափոխել է ուրբաթ:
Costa Concordia զբոսանավը հունվարի 13-ի, լույս 14-ի գիշերը Ջիլո կղզու մոտակայքում հարվածել է ստորջրյա խութերին:
Այդ պահին նավի վրա գտնվել է շուրջ 4200 ուղևոր և նավի անձնակազմը:
Աղետը խլել է 17 մարդու կյանք, ևս 17-ը համարվում են անհետ կորած: Նրանց որոնումները դադարեցվեցին հունվարի 31-ին:
Նավապետը ձերբակալվել էր հենց վթարի օրը, բայց դատարանը նրան ավելի ուշ տնային բանտարկության էր դատապարտել: