Երգչուհի Լիլիթ Պիպոյանը, ամփոփելով 2010 թ., նշեց, որ իր համար բացահայտումների տարի էր. «Ես 2010 թ. հայտնաբերեցի գործունեության նոր ոլորտ երաժշտական, ժանրային իմաստով՝ էլեկտրոնային երաժշտություն եմ ստեղծել, մի ամբողջ ծրագիր, որը կներկայացնեմ հաջորդ տարի: Նոր երաժիշտների հետ մենք երկու համերգ ունեցանք: Հետաքրքիր հանդիպում ունեցանք նաև Նինո Կատամաձեի հետ, ում հետ ծրագիր են պատրաստում: Հույս ունեմ, որ 2011 թ. նոր ձայնասկավառակ կթողարկեմ: Ցանկանում եմ, որ համերգների տոմսերի արժեքը մի փոքր ցածր լինեն, որպեսզի իսկական երժշտություն գնահատողները կարողանային հաճախել և վայելել, այլ ոչ թե նրանք, ովքեր գնում են իրենց ցուցադրելու: Կցանկանայի, որ մեր համերգների կազմակերպիչները առաջնորդվեին ոչ միայն մեծ դահլիճներ հավաքելու նպատակով ու խնդրով, այլ նաև կարողանային ներկայացնել հայ հանդիսատեսին այնպիսի ժանրեր, որոնք մի քիչ տարբերվեին ընդունված անուններից»:
Լիլիթ Պիպոյանը ցավով նկատեց, որ լավ երաժիշտները, լավ ստեղծագործողները լքում են Հայաստանը, և հույս հայտնեց, որ հետագայում այդ վիճակը կշտկվի: