«Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտի փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանը երեկ «ՀԺ»-ին հայտնել է, որ եթե այսօր-վաղն էլ մանկապղծության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանի հարազատները նրա վիրահատության համար համաձայնություն չտան, իրենք ստիպված կլինեն Տեր-Պողոսյանին դուրս գրել հիվանդանոցից, ինչից հետո նա կրկին կտեղափոխվի մեկուսարան:
«Ինչպես տեղեկացրել ենք, աղիքային քաղցկեղի վիրահատության համար «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից քաղաքացիական հիվանդանոց տեղափոխված Տեր-Պողոսյանը նախորդ շաբաթ խնդրել էր իրեն չվիրահատել, որպեսզի մասնակցի ուրբաթ օրը կայանալիք վերաքննիչ դատավարությանը:
Բժիշկները ընդառաջել Էին նրան՝ պայմանով, որ երկուշաբթի կամ երեքշաբթի վիրահատեն: Երեկ, սակայն, թեև բժիշկները Տեր-Պողոսյանի կնոջը կանչել են վիրահատության հարցը քննարկելու, սակայն նա չի ներկայացել: Մելքոնյանն ասաց՝ գուցե այսօր ներկայանա, նաև հավելեց, որ իրենք արդեն այլ վիրահատություն են պլանավորել»,- հավելում է թերթը: