Ինչպես հաղորդում են համաշխարհային լրատվամիջոցները, իսպանական Բարսելոնայում փետրվարի 6-ին կյանքից հեռացել է Անտոնիո Տապիեսը, որին անվանում էին 20-րդ դարի մեծագույն նկարիչներից և քանդակագործներից մեկը: Ավելին, իսպանական El Mundo-ն նրան հռչակել էր «20-րդ դարի վերջին մեծ նկարիչը»:
Աշխատելով արվեստի ժամանակակից ոճերում՝ Տապիեսին հաջողվել էր հասնել համաշխարհային ճանաչման, նրա աշխատանքները ցուցադրված են աշխարհի ամենահայտնի թանգարաններում: Տապիեսի առաջին անհատական ցուցահանդեսը կայացել է Բարսելոնայում՝ 1950թ.-ին, և ընդամենը երեք տարի անց նրանով հետաքրքրված էին արդեն ԱՄՆ-ը և աշխարհի մյուս խոշոր կենտրոնները:
Տապիեսը նաև աչքի է ընկել իր այլախոհությամբ. 1960-ականներին հանդես է եկել ընդդեմ Ֆրանկոյի վարչակազմի, որի պատճառով նույնիսկ ձերբակալվել է: 2010թ.-ին Տապիեսն Իսպանիայի թագավորի կողմից արժանացել է մարկիզի կոչման: