Tuesday, 16 04 2024
Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
Ինչու՞ Ստեփանակերտը չպատասխանեց
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի վարչապետին
Ընդդեմ Ադրբեջանի հայցը ընթանում է հօգուտ Հայաստանի
Գուցե աղմկահարույց էին քանդման աշխատանքները, զավթված կանաչ տարածքները մեկի ամառանոցը չի կարող լինել
«Կոնսերվատորիայի տեղափոխումը չի նշանակում փակել», «Մեզ ուղիղ չվերաբերող հարց է,ԿԳՄՍՆ-ի հետ քննարկեք»
Եղել է և՛ հարցաքննություն, և՛ առերեսում. Հակոբ Ասլանյանը՝ իրեն առնչվող միջադեպի մասին
Ալիևը բացեց «Ռազմավարի պուրակը», «Հա՛յ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են ՄԱԿ-ի դատարանի համար
625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ղազախստանը թուրք-ադրբեջանական շահերի դեմ երբեք չի գնացել. չի կարող լինել անաչառ միջնորդ
Փրկարարները հայտնաբերել են ՀՀ Կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ
Հարգելի՛ Մարիա բաջի, տես ԱՄՆ-ն ինչպես է կանգնել իր դաշնակցի կողքին․ մեզ նրա պես դաշնակից է պետք
Քննության ընթացքին հետևել է Սուրեն Պապիկյանը
Թբիլիսիում ծավալվող թեժ իրադարձությունները ունեն տարածաշրջանային ընդգրկում․ հայացք Երևանից
Ուղիղ․ ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ
15:20
ԱՄՆ-ն Իսրայելին ծանուցել է, որ չի մասնակցելու Իրանի դեմ հնարավոր գործողություններին. ABC
Թուրքիան բանակցություններ է վարում ՀԱՄԱՍ-ի հետ
Հայաստանում ԵՄ առաքելության ձեւաչափը փոխվու՞մ է
14:45
«Եվրոպայի շուկան Չինաստանի ավտոմեքենաների հետ պետք է պատրաստ լինի արդար մրցակցության». Շոլց
14:30
Նավթի գներն աճել են- 15-04-24
14:15
Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավոր փակ կլինի
Փորձ է արվում քննարկումից դուրս թողնել էթնիկ հայերի ազատազրկման, անհետացման և բռնագաղթման փաստերը
Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել, վերացնել հայերին, դա Բաքվի ցինիկ ռազմավարությունն է
Հայատյացությունը Ադրբեջանի պետական քաղաքականությունն է. Ալիևը վերջնականապես ջնջում Է հայի հետքը
Եզդիները պայքարեցին Արցախի համար. Ցեղասպանությունը չստորադասեք այժմեական կոնյուկտուրային նպատակներին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք այլընտրանք չունենք». Գալանտը՝ Օսթինին
13:30
ԱՄՆ-ն այն կարծիքին է, որ Իսրայելի պատասխանն Իրանի հարվածներին կլինի սահմանափակ․ NBC News

2010-ը Վրաստանի համար` շահերի պաշտպանության ու ամրապնդման տարի

Փետրվարին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հրավերով Վրաստան մեկնած Սերժ Սարգսյանը Բաթումում հանդիպեց իր գործընկերոջը։ Քննարկվել էին հայ-վրացական հարաբերությունների խորացման և տնտեսական փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ էր կատարվել «Վերին-Լարս» հսկիչ-անցագրային կետի բացման ուղղությամբ տարվող աշխատանքներին: Հանդիպման ավարտին Ս.Սարգսյանը և Մ.Սաակաշվիլին պատասխանել էին լրագրողների հարցերին: Վրաստանի նախագահը ողջունել էր հայ գործընկերոջը և նշել, որ իր երկիրը միշտ էլ ուրախանում է Հայաստանի հաջողություններով և ցավում նրա խնդիրների համար. «Ես կարծում եմ՝ այսպիսի անամպ հարաբերությունները, այսպիսի մտերմիկ համագործակցությունը ոչ միայն մեր վաստակն է, թեև մեծ է նաև մեր դերը, այն, առաջին հերթին, մեր ժողովուրդների վաստակն է»: Ս.Սարգսյանը վստահություն էր հայտնել, որ այդպես կլինի մշտապես. «Մենք հազար տարի ապրել ենք որպես եղբայրներ և կշարունակենք այդպես»:
Մարտի 1-ին վերաբացվեց Վրաստանի և Ռուսաստանի սահմանային «Վերին Լարսի» անցակետը, որը Ռուսաստանը փակել էր 2006-ի հուլիսից, երբ Մոսկվայի և Թբիլիսիի միջև հարաբերությունները սրվեցին։ Վերլուծաբանները նշում էին, որ 2008թ. ռուս-վրացական օգոստոսյան պատերազմից հետո «Վերին Լարսի» անցակետի բացման քայլը ավելի շուտ տնտեսական նշանակություն ունի, քան քաղաքական, որ անցակետի վերաբացումը հատկապես շահեկան է ՌԴ դաշնակից Հայաստանի համար, քանի որ մինչև փակվելը այն օգտագործվում էր նաև Վրաստանի տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման համար:
Մայիսի կեսին Բաթումում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպման ավարտին Վրաստանի նախագահը նշեց, որ Վրաստանի և Թուրքիայի հարաբերություններն օրինակելի են. «Անկարայի և Թբիլիսիի միջև ձևավորված հարաբերությունները կարող են օրինակ ծառայել թե՛ ողջ Եվրոպայի և թե՛ տարածաշրջանի պետությունների համար: Որևէ այլ տեղ չեք տեսնի, որ խնդիրները լուծվեն նման արագությամբ` լինի դա նախարարների, թե իմ ու Ռեջեփ Էրդողանի շփումների մակարդակով»,- ասել էր Վրաստանի նախագահը: Թուրք-վրացական հարաբերությունների զարգացման գործում մեծ ներդրման համար Սաակաշվիլին Էրդողանին նաև «Ոսկե գեղմ» շքանշանով պարգևատրեց: Վրաց փորձագետները, սակայն, նկատում էին, որ չնայած թուրքական ղեկավարության հասցեին հնչեցվող գովեստի խոսքերին` պաշտոնական Թբիլիսին լրջորեն մտահոգված է Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունների ջերմացումից:
Մայիսին Վրաստանում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման ընտրություններում համոզիչ հաղթանակ տարավ նախագահ Սաակաշվիլիի կուսակցությունը։ Ընտրություններում առանձնապես կարևորվում էին Վրաստանի մայրաքաղաքի ինքնակառավարման մարմինների ընտրությունները, քանի որ առաջին անգամ ուղղակի քվեարկությամբ ընտրվում էր Թբիլիսիի քաղաքապետը։ Մայրաքաղաքում Սաակաշվիլիի աջակցությունը վայելող Գիգի Ուգուլավան շարունակեց պաշտոնավարել՝ ստանալով քվեների 54,79 տոկոսը: Երկրորդ տեղում էր ընդդիմադիր «Ալյանս Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիան, ում օգտին քվեարկել է ընտրողների 19,1 տոկոսը։ Նույնատիպ արդյունքներ էին գրանցվել նաև Թբիլիսիի քաղաքային խորհրդի ընտրություններում. քաղաքապետին սատարող կուսակցությունը հավաքել էր քվեների 51,61 տոկոսը, իսկ ընդդիմադիր «Ալյանս Վրաստանի համար» կուսակցությունը՝ 18,22 տոկոսը։ «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ակնհայտ առաջընթաց էին միջազգային չափանիշներին բավարարելու ուղղությամբ, սակայն կային նշանակալի բացթողումներ»,- ասվում էր ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած ԵԱՀԿ-ի հրապարակած հայտարարության մեջ։ Ամռանը Հայաստանում սկսեցին լուրջ մտահոգություններ հնչել այն բանից հետո, երբ Վրաստանի խորհրդարանում շրջանառության մեջ դրվեց, ապա երկրորդ ընթերցմամբ ընդունվեց մի օրինագիծ, որով ՌԴ-ից Հայաստան գազ մատակարարող մայրուղային խողովակաշարը հանվեց ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների ցանկից, ինչը ենթադրում էր, որ այն կարող է նաև սեփականաշնորհվել երրորդ երկրի ընկերությունների կողմից: Իսկ մամուլում համառորեն շրջանառվում էին տեղեկություններ, որ Հայաստանի համար խիստ կարևոր այդ գազատարով արդեն հետաքրքրված է նաև Ադրբեջանի նավթային ընկերությունը: «Վրաստանի տարածքով ռուսաստանյան բնական գազը Հայաստան հասցնող խողովակաշարի հնարավոր սեփականաշնորհումը այս պահին չի առաջացնում Հայաստանի կառավարության մտահոգությունը: Այս պահին որևիցե մտահոգություն չունենք»,- լրագրողների հետ հանդիպմանը նշել էր էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: «Եվ դա նույնիսկ եթե վաճառքի հանեն, մեր երկրի համար որևիցե ցնցումային իրավիճակ չի ստեղծի»,- նկատել էր նա:
Հուլիսի կեսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Մ.Սաակաշվիլին ընդունեց Բաթումում։ Սա Ալիևի առաջին այցն էր Վրաստան 2008-ի ռուս-վրացական օգոստոսյան պատերազմից հետո։ Չնայած այցը կարճատև էր, բայց մի շարք կարևոր պայմանավորվածություններ ձեռքբերվեցին տրանսպորտի և էներգետիկայի բնագավառներում: Վրացական և ադրբեջանական լրատվամիջոցները փոխանցում էին, որ Սաակաշվիլին ու Ալիևը պայմանավորվել են արագացնել Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթուղու կառուցումը, որը Վրաստանի տարածքով կապում է Ադրբեջանն ու Թուրքիան: Մինչև 2012-ը նախատեսվում է ավարտին հասցնել երկաթուղու ադրբեջանական հատվածի, իսկ 2012-ի վերջին` վրացական հատվածի շինարարությունը: Նրանք նաև պայմանավորվել էին ստեղծել հանձնաժողով, որը կզբաղվի Կենտրոնական Ասիայից և Հյուսիսային Չինաստանից դեպի Թուրքիա և Եվրոպա հարավկովկասյան միջանցքով համատեղ փոխադրումների հարցերով։ Էներգետիկայի ոլորտում ադրբեջանական ընկերությունների օգնությամբ նախատեսվում է առաջիկա տարիներին Վրաստանի գազիֆիկացումը հասցնել 75 տոկոսի՝ այժմյան 46-ի փոխարեն: Սաակաշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսում Ալիևը հայտարարել էր, որ ադրբեջանական ընկերությունները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Վրաստանի նկատմամբ և հետևողականորեն ներդրումներ են կատարում։ «Այդ ներդրումների ծավալները օր օրի աճում են։ Առաջին ներդրումները էներգետիկայի բնագավառում էին, բայց հուսով եմ, որ առաջիկայում դրանք կտարածվեն նաև այլ բնագավառներում»,- նշել էր Ալիևը։ Սաակաշվիլին Ադրբեջանի հետ հարաբերությունները բնորոշել էր «ոչ միայն գործընկերային, այլև` դաշնային»: «Ադրբեջանը կարևոր կենտրոն է դառնում տարածաշրջանում, դառնում է մի ուժ, որի հետ հաշվի չնստել հնարավոր չէ»,- ասել է Վրաստանի նախագահը:
Օգոստոսի կեսին որոշում կայացվեց, որ 2008թ. օգոստոսյան պատերազմից ի վեր առաջին անգամ ռուսական ավիաընկերությունը ուղիղ չվերթեր կիրականացնեն Մոսկվայից Թբիլիսի: Ռուսական «Սիբիր» ավիաընկերությունը վրացական իշխանություններին համապատասխան խնդրանքով դիմել էր հուլիսին:
Սեպտեմբերի սկզբին Վրաստանի նախագահ Մ.Սաակաշվիլին «դիվանագիտական փոքր հաղթանակ» որակեց ՄԱԿ-ում ընդունված բանաձևը, որը պաշտպանում է Աբխազիայի ու Հարավային Օսիայի փախստականների` հայրենի տները վերադառնալու իրավունքները։ Բանաձևը դատապարտում էր հակամարտությունների արդյունքում ժողովրդագրական բռնի փոփոխությունները Վրաստանում և նշում էր, որ Վրաստանի ամբողջ տարածքում, այդ թվում Աբխազիայում և Հարավային Օսիայում ներքին տեղահանվածներն ու փախստականները և նրանց սերունդները իրենց տները վերադառնալու իրավունք ունեն։ Վրաստանի կողմից ներկայացված բանաձևի նախագծին կողմ էր քվարկել 50, դեմ` 17, ձեռնպահ` 86 երկիր։ Սա գնահատելով որպես փոքր հաղթանակ` Սաակաշվիլին ավելացրել էր. «Վերջական հաղթանակը կլինի այն ժամանակ, երբ օկուպանտները լքեն մեր տարածքները, և մեր ժողովուրդը վերջապես վերադարձնի իր տները և իր հայրենիքը: Դա կլինի վերջնական հաղթանակ, բայց մինչ այդ հաղթանակը մենք պետք է անցնենք դիվանագիտական բազմաթիվ պայքարների միջով»։ ՌԴ ԱԳՆ-ը հաղորդագրություն է տարածել, համաձայն որի պաշտոնական Մոսկվան գտնում է, որ ՄԱԿ-ի ԳԱ-ում այդ բանաձևի քվեարկությունը բարդացնում է իրավիճակը տարածաշրջանում և կարող է վնաս հասցնել ժնևյան երկխոսությանը: Մի քանի օր անց Մ.Սաակաշվիլին, Newsweek-ին տված հարցազրույցում անդրադառնալով Օբամայի վարչակազմի՝ Վրաստանի խնդիրը ռուս-ամերիկյան հարաբերություններից տարանջատելու քաղաքականության թեմային, նշել էր. «Առայժմ մենք ստանում ենք Վաշինգտոնի աջակցությունը, ամենաոգևորիչն այն է, որ բարձրաստիճան բոլոր հանդիպումներում ԱՄՆ-ը արծարծում է Վրաստանի թեման։ Տակավին վերջերս պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ՌԴ ներկայությունը վրացական շրջաններում անվանել է «ապօրինի օկուպացիա», ինչն ինքնին աննախադեպ է դիվանագիտության համատեքստում։ Այնպես որ, չեմ կարծում, թե Վրաստանն անտեսվում է»,- ասել էր Վրաստանի նախագահը։ Խոսելով Վրաստանին ամերիկյան զինամթերքի մատակարարումը վերսկսելու նպատահարմարության մասին` Սաակաշվիլին նշել էր, թե Վրաստանը չի կարող հարձակվել Ռուսաստանի վրա, մինչդեռ անպաշտպան Վրաստանը հարմար թիրախ է Ռուսաստանի համար, որտեղ կարող են գայթակղվել Վրաստանի իշխանությունը ռազմական ճանապարհով փոխելու հնարավորությամբ։ «Նախընտրական արշավ սկսելուց առաջ Վլադիմիր Պուտինը ամեն անգամ պատերազմ է նախաձեռնել։ Կարծես թե նա նորից է առաջադրվելու, և հենց դա էլ մեզ անհանգստացնում է»: Սաակաշվիլին հույս էր հայտնել, որ ԱՄՆ-ը իր երկրին կօգնի պաշտպանական զինատեսակներով։ «Այսօրվա դրությամբ, Վաշինգտոնը Վրաստանին տվե՞լ է անվտանգության երաշխիքներ ռուսների հնարավոր հարձակման առումով» հարցին ի պատասխան Սաակաշվիլին արձագանքել էր. «Ոչ, պաշտոնական հավաստիացում չկա, կարծում եմ՝ այսօր առավելապես դիվանագիտական ջանքեր են գործադրվում նոր հակամարտությունը կանխելու համար»:
Սեպտեմբերի վերջին Սաակաշվիլին ելույթ ունեցավ ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանում, որտեղ Աբխազիային ու Հարավային Օսիային Վրաստանի հետ միասնականության կոչ արեց: «Ռուսական կայսրության բռնակցմանը ենթարկվելու փոխարեն, մենք առաջարկում ենք միասին ստեղծել բազմամշակութային, բազմազգ հանրություն, որն ամբողջ տարածաշրջանում հանդուրժողականության և հարգանքի օրինակ կլինի»,- նշեց նա։ Իր ելույթում ասելով, թե ցանկանում է Ռուսաստանին տեսնել ոչ թե թշնամի, այլ գործընկեր, Սաակաշվիլին ՌԴ-ին կոչ արեց մասնակցել Կովկասում կատարվող վերափոխումներին՝ ասելով, թե հակառակ դեպքում դրանք կկատարվեն առանց ՌԴ-ի մասնակցության։
«ՆԱՏՕ-ն շատ բարձր է գնահատում Վրաստանի հետ համագործակցությունը հատկապես Աֆղանստանում»,- հայտարարեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Թբիլիսիում Հյուսիսատլանտյան դաշինքի նոր գրասենյակի բացման հանդիսավոր արարողության ժամանակ։ «Անդամակցություն տալու վճռականությունը, որի մասին հաղորդվել է Բուխարեստի գագաթնաժողովում, չի փոխվել»։ Հիշեցնենք, որ 2008թ. Ռումինիայի մայրաքաղաքում ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ղեկավարները հայտարարել էին, որ Վրաստանը և Ուկրաինան որոշակի փուլում ի վերջո կանդամակցեն Հյուսիսատլանտյան դաշինքին, սակայն չցանկանալով վատթարացնել հարաբերությունները այդ երկու երկրների անդամակցության գաղափարը կտրականապես մերժող Ռուսաստանի հետ` ՆԱՏՕ-ն հրաժարվել էր որևէ կոնկրետ ժամկետ նշել։
Հոկտեմբերի սկզբին Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն Երևանում էր: Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում Գ.Վաշաձեն, մեկնաբանելով Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանին առնչվող զարգացումները, նշեց, որ Հայաստանը, իբրև ինքնիշխան պետություն, իրավունք ունի ինքնուրույնաբար որոշել իր անվտանգության ապահովման ձևը: «Բայց և ինքնիշխան Վրաստանն էլ իրավունք ունի Հարավային Կովկասում Ռուսաստանի զինված ներկայության մասին հանդես գալ մեկնաբանություններով: Դա մշտական սպառնալիք է մեր ինքնիշխանության, անվտանգության և անկախության համար»:
Նոյեմբերի 1-ին տեղեկատվություն ստացվեց այն մասին, որ Վրաստանում ռուսական հետախուզության օգտին լրտեսական գործունեության մեջ մեղադրվող մոտ երկու տասնյակ անձանցից առնվազն երկուսը հայեր են: Հայտնի դարձավ, որ վրաց իրավապահները հոկտեմբերի 17-ին ձերբակալել էին Վրաստանի քաղաքացիներ Արմեն Գևորգյանին և Ռուբեն Շիկոյանին: Վրացական աղբյուրները նաև տեղեկացնում էին, որ Արմեն Գևորգյանը Ասլան Աբաշիձեի իշխանության տարիներին Աջարիայի հայ համայնքի ղեկավարն է եղել: Ըստ հետաքննող մարմինների` ձերբակալվածներին հանձնարարված էր տեղեկություններ հավաքել Վրաստանի ներքին գործերի և պաշտպանության նախարարությունների կողմից իրականացված գնումների, ինչպես նաև ուժային կառույցների աշխատակիցների անձնական տվյալների մասին:
Նոյեմբերի սկզբին Իրանի ու Վրաստանի ԱԳ նախարարները Թբիլիսիում համաձայնագիր ստորագրեցին երկու երկրների միջև վիզային ռեժիմը վերացնելու մասին։ Մամուլի համատեղ ասուլիսում Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթաքին ասել էր, թե դա շատ կարևոր փաստաթուղթ է, որը հարևաններին հնարավորություն է տալիս հաղորդակցվելու առանց սահմանների ու միացնում է երկու ժողովուրդներին։ Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն նկատել էր, որ Վրաստանը ձգտում է վիզային ազատ ռեժիմ ունենալ բոլոր հարևանների հետ, ավելի վաղ նույնատիպ համաձայնագիր էր ստորագրվել Թուրքիայի հետ։ Մոթաքին ասել է, թե Իրանը պատրաստ է կառուցողական դերակատարություն ունենալ Կովկասի հակամարտությունները լուծելու հարցում։ «Կովկասի կայունությունը շատ կարևոր է մեզ համար: Այդ թեման բավական զգայուն է Թեհրանի համար, և մենք պատրաստ ենք մասնակցել տարածաշրջանի խնդիրների լուծմանը»:
Նոյեմբերի սկզբին Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հրապարակեց ՌԴ-ի օգտին լրտեսության մեղադրանքով ձերբակալվածների անունները։ Հակահետախուզության դեպարտամենտի ղեկավարը հայտնեց, որ ձերբակալել են 13 մարդու, նրանցից 9-ը Վրաստանի քաղաքացի են, 4-ը` Ռուսաստանի։ Ձերբակալվածների մեջ երկու հայ կա, որոնց անունները հրապարակվել էին դեռ օրեր առաջ` Բաթումի ընկերություններից մեկի ղեկավար Արմեն Գևորգյանն ու նրա տեղակալ Ռուբեն Շիկոյանը։ Հայազգի գործարարները մեղադրվում էին Ռուսաստանի ռազմական հետախուզությանը Վրաստանի պաշտպանության նախարարության գաղտնի գնումների մասին ինֆորմացիա փոխանցելու մեջ։
Այս աղմկահարույց տեղեկությունից մի քանի օր անց մեկ այլ սկանդալային տեղեկություն ստացվեց` Թբիլիսիում ուրանի մաքսանենգության փորձ է կանխվել: Պարզվեց, որ ընթացիկ տարվա գարնանը ձերբակալվել էին Հայաստանի երեք քաղաքացիներ, որոնք փորձել են Վրաստանի տարածքում գերհարստացված ուրան իրացնել: Մարտին վրաց իրավապահները ձերբակալել էին 63-ամյա գործարար Սմբատ Տոնոյանին և 59-ամյա ֆիզիկոս Հրանտ Օհանյանին, իսկ ապրիլին համառոտ հաղորդագրություն էին տարածել Թբիլիսիում միջուկային նյութի մաքսանենգության փորձ բացահայտելու մասին։ Այս պատմության մասին հրապարակեցին օտարերկրյա մի շարք հեղինակավոր պարբերականներ: ՀՀ ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրություն համաձայն, ապրիլին Ազգային անվտանգության մարմինների կողմից վերոնշյալ գործարքին առնչություն ունենալու կասկածանքով ձերբակալվել է նաև Հայաստանի քաղաքացի Գարիկ Դադայանը, ում նկատմամբ հարուցվել է քրեական գործ` ռադիոակտիվ նյութերի մաքսանենգություն հատկանիշով: Մաքսանենգները խոստովանական ցուցմունք էին տվել. նրանք նշել էին, որ ուրանը ստացել էին Գարիկ Դադայանից։ Վերջինս, ենթադրաբար, միջուկային նյութը Վրաստան է փոխադրել Նովոսիբիրսկից, որտեղ կա միջուկային վառելիքի վերամշակման գործարան։ Տարիներ առաջ տեղեկություններ էին հրապարակվել այդ գործարանում միջուկային նյութի որոշ քանակի անհետացման մասին: Այժմ Դադայանը կրկին ձերբակալված է:
Նոյեմբերի կեսին պաշտոնական Թբիլիսին թույլատրեց Ռուսաստանի ԱԳՆ հյուպատոսական ծառայության ներկայացուցչին հանդիպել լրտեսության մեղադրանքով ձերբակալված չորս ռուսաստանցիներից մեկին: Այս մասին հայտարարել էր Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Քալանդաձեն: Մոսկովյան «Կոմերստանտ»-ին էլ Վրաստանի արդարադատության նախարարությունից տեղեկացրել են, որ ՌԴ-ի օգտին լրտեսության մեջ մեղադրվող անձանց դատավարությունը մեկնարկելու է մոտ ապագայում և անցնելու է դռնփակ։
Նոյեմբերի 15-ին Վրաստանի նախագահը ժամանեց Ջավախք` նոր միջպետական մայրուղու բացմանը մասնակցելու նպատակով: 203 կմ երկարություն ունեցող ճանապարհը, որը կառուցվել է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում, երկրի կենտրոնական շրջանները կապում է Հայաստանի և Թուրքիայի հետ: Դիմելով Ախալքալաքի կենտրոնական հրապարակում հավաքված տեղի բնակիչներին` Սաակաշվիլին խոսել էր հայերեն. «Բարև ձեզ, եղբայրներ և քույրեր: Շնորհավորում եմ ձեզ` մեր պայմանավորվածությունների, ձեր երազանքի կատարման առթիվ: Այսօր մեծ օր է ողջ Վրաստանի համար»: Այնուհետև անցնելով վրացերենի` Վրաստանի նախագահը անդրադարձել էր ջավախահայության խնդիրներին, ասելով. «Տարիներ շարունակ ճանապարհների վատ վիճակի պատճառով այս շրջանը գործնականում կտրված էր կյանքից: Նախորդ կառավարություններն անում էին ամեն ինչ, որպեսզի շրջանը անտեսված ու օտարված մնա: 2004-ից, սակայն, իրավիճակը փոխվել է»:
Նոյեմբերին ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի կողմից Վարշավայում ընդունված բանաձևը, որով Հարավային Օսիան և Աբխազիան օկուպացված տարածքներ են ճանաչվում, պաշտոնական Թբիլիսին իր աննախադեպ դիվանագիտական հաղթանակը հռչակեց: Լեհաստանի մայրաքաղաք ժամանած վրացական պատվիրակության ղեկավար, խորհրդարանի խոսնակ Դավիթ Բաքրաձեն քվեարկությունից հետո հայտարարեց. «Այս կարևորագույն փաստաթղթում Աբխազիան և Հարավային Օսիան բնութագրվում են որպես օկուպացված տարածքներ, բացի այդ, բանաձևը դատապատում է էթնիկ զտումները: Բոլոր կարևոր, ցավոտ խնդիրներում Վրաստանը հստակ աջակցության է արժանացել: Իմ կարծիքով, ի պաշտպանություն Վրաստանի միջազգային կազմակերպությունների կողմից վերջին շրջանում ընդունված փաստաթղթերի շարքում սա ամենադրականներից մեկն է»: Նույն օրերին Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն և Վրաստանի նախագահ Մ.Սաակաշվիլին Բրյուսելում համատեղ ասուլիսի ժամանակ անդրադարձան ԵՄ-Վրաստան հարաբերություններին: Հայտարարելով, որ Վրաստանը պետք է Եվրամիությանը անդամակցության պաշտոնական հայտ ներկայացնի, Եվրահանձնաժողովի նախագահն ասել էր. «Դա թույլ կտա ավելի խորացնել Վրաստանի և ԵՄ հարաբերությունները, և ձեր երկիրը ավելի գրավիչ կդարձնի էներգաներդրումների ոլորտում»,- ևս մեկ անգամ հավաստելով ԵՄ նվիրվածությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը:
Նոյեմբերի վերջին ՆԱՏՕ-ի լիսաբոնյան գագաթնաժողովի հռչակագրում նշվեց, որ Եվրատլանտյան տարածքի խաղաղության առումով Հարավային Կովկասում և Մոլդովայում պահպանվող երկարատև տարածաշրջանային հակամարտությունները շարունակում են դաշինքի համար մեծ մտահոգությունների խնդիր մնալ. «Մենք բոլոր կողմերին կառուցողական ներգրավվածության, հակամարտությունների խաղաղ լուծման համար քաղաքական կամքը ուժեղացնելու և ընթացիկ բանակցային ֆորմատները հարգելու կոչ ենք անում»,- հայտարարեցին Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրները: «Կոչ ենք անում բոլորին խուսափել քայլերից, որոնք կարող են խարխլել տարածաշրջանային անվտանգությունը և կայունությունը։ Մենք հավատարիմ ենք մնում մեր աջակցությանը Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի Հանրապետության տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը և նաև շարունակելու ենք աջակցել ջանքերին այս տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղղությամբ՝ հաշվի առնելով այս սկզբունքները», – ասվում էր ՆԱՏՕ–ի գագաթնաժողովում ընդունված հռչակագրում։
Նոյեմբերի վերջը Վրաստան-ՌԴ, Վրաստան-միջազգային հանրություն փոխհարաբերությունների առումով ուշագրավ պահ էր: Պաշտոնական Թբիլիսին հանդես եկավ մի շարք կարևոր հայտարարություններով: Վրաստանի նախագահ Մ. Սաակաշվիլին ֆրանսիական Le Figaro-ին տված հարցազրույցում շեշտել էր, որ պատրաստ է բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ։ Ըստ նրա՝ ռուսական էլիտայի շրջանում Վրաստանի մասին պատկերացումը փոխվել է դեպի լավը։ «Ավելի շատ մարդիկ, որոնք նախկինում ՌԴ–ում բարձր պաշտոններ էին զբաղեցնում, դրական են արձագանքում վրացական տնտեսական բարեփոխումներին, մեր երկրում կոռուպցիայի դեմ պայքարին, ինչպես նաև ՆԳՆ համակարգի բարեփոխումներին։ Նրանք նշում են, որ վրացական օրինակը դրդել է ռուսական իշխանություններին համանման գործողություններ իրականացնել»,- ասել էր Սաակաշվիլին։ Միաժամանակ Վրաստանի նախագահը ընդգծել էր, որ պատրաստ է ՌԴ-ի հետ բանակցել առանց որևէ նախապայմանի, ցանկացած մակարդակով և ցանկացած վայրում. «Պետք է խոսել իրար հետ, որոշ հարցերում Մոսկվան չի կարող հաշվի չառնել Թբիլիսիի կարծիքը»։
Սաակաշվիլիի`ՌԴ-ին բանակցություն սկսելու կոչին ի պատասխան Մոսկվան դարձյալ մերժեց Վրաստանի նախագահի առաջարկը: ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրը ռուսական գործակալություններին հիշեցրել էր. «Վրաստանի ներկայիս իշխանությունների հետ մենք քննարկելու որևէ բան չունենք»: Վրաստանի նախագահը, սակայն, շարունակում էր իր երկրի դիրքորոշումն արտահայտել նաև Եվրախորհրդարանի ամբիոնից: «Ապացուցելու համար, որ Վրաստանը ՌԴ-ի հետ հակամարտության խաղաղ լուծում է ցանկանում, այսօր մենք հանդես ենք գալիս միակողմանի նախաձեռնությամբ և հայտարարում, որ Վրաստանը երբեք ուժ չի կիրառի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը վերականգնելու համար, որ նա միայն խաղաղ միջոցներ կօգտագործի ապաշրջափակում և միավորում իրականացնելու համար»: Սաակաշվիլիի խոսքով, «եթե նույնիսկ Ռուսաստանը հրաժարվի օկուպացիոն զորքերի դուրսբերումից, եթե նրա օկուպացիոն ջոկատները կրկնապատկեն մարդու իրավունքների խախտումը, Վրաստանը հարձակման դեպքում իրեն պաշտպանության իրավունք կվերապահի միայն այն 80 տոկոս տարածքի վրա, որը վերահսկում է Վրաստանի կառավարությունը»: «Իմ առաջարկությունը իմ երկրի հռչակագիրն է, բայց բոլորը պետք է իմանան, թե մեզ որքան դժվար ու ծանր էր նման որոշում ընդունելը, երբ երկրում 500 հազար փախստական կա… Մենք պատրաստ ենք շարունակել ժնևյան բանակցությունները, պատրաստ ենք նաև քաղաքական երկխոսության, քանի որ այսօր տարածաշրջանի իրադրությունն անկայուն է: Մենք ցանկանում ենք մեր ընդդիմախոսներին ներգրավել բանակցություններում»,- ընդգծել է Սաակաշվիլին: Միաժամանակ, Սաակաշվիլին կոչ էր արել ԵՄ-ին «ասել ճշմարտությունը» և ճանաչել Վրաստանի բռնազավթումը և վրաց բնակչության էթնիկ զտման փաստը: «Այդ ճշմարտությունը հարկավոր է, որպեսզի զավթիչը և ամբողջ աշխարհն իմանան, որ Վրաստանը բռնազավթված է»:

Դեկտեմբերի 1-ին Աստանայում ընթացող գագաթնաժողովի շրջանակներում Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հանդիպեց ԱՄՆ պետքարտուղար Հ.Քլինթոնի հետ: ԱՄՆ պետքարտուղարը հստակ աջակցություն էր հայտնել Վրաստանին` որպես ռազմավարական գործընկերոջ: Հ.Քլինթոնը հատուկ ուշադրություն էր արժանացրել Վրաստանի հակամարտության հարցում ԵԱՀԿ-ի դերին և անհրաժեշտ համարել միջազգային դիտորդների առկայությանը Վրաստանի ողջ տարածքում: Նա կոչ էր արել ԵԱՀԿ անդամ երկրներին ջանքեր գործադրել առկա հակամարտությունների կարգավորման ուղղությամբ:
Դեկտեմբերի կեսին ԱՄՆ-ում պաշտոնական այցով գտնվող Վրաստանի արտաքին գործերի նախարար Գեորգի Բարամիձեն հայտարարեց, որ վրացական կողմը խնդրանքով դիմել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ներկայացուցիչներին` տրամադրելու Վրաստանին ՆԱՏՕ-ին անդամակցելու ռազմավարական ծրագիր: Բարամիձեն նաև հույս էր հայտնել, որ ԱՄՆ-ն հստակ պատկերացում ունի, թե Վրաստանն ինչպես պետք է իրականացնի միջոցառումների այն փաթեթը, որը թույլ կտա վերջինիս անդամակցել Հյուսիսատլանտյան դաշինքին: «Վրաստանն արդեն իրականացնում է քաղաքականությունն այնպես, կարծես ՆԱՏՕ-ի անդամ է»,- ասել էր Բարամիձեն` նկատի ունենալով Վրաստանի զինված ուժերի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ և վրացական ուժերի ներկայությունն Աֆղանստանում:
Դեկտեմբերի 10-ին Վրաստանի պատվիրակությունը մեկնեց Ժնև, որտեղ նախատեսված էր Անդրկովկասի անվտանգության և կայունության հարցերին նվիրված բանակցությունների հերթական՝ 14-րդ փուլը: Ժնևի բանակցություններում վրացական պատվիրակությունը գլխավորել է երկրի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Գեորգի Բոկերիան: Ինչպես հայտնել էին վրաստանյան գործակալությունները` վրաստանյան պատվիրակության անդամ Վրաստանի փոխարտգործնախարար Սերգի Կապանաձեն հայտարարել էր, որ ռուսական կողմը կասկածի տակ է դրել 2008թ. օգոստոսի 12-ի հրադադարի մասին համաձայնագիրը, ուստի վրացական կողմը դժգոհ է Ժնևյան բանակցությունների արդյունքներից:
Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն օրերս 2010-ի ամփոփմանը նվիրված մամլո ասուլիսում հայտարարել է, որ Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման հարցը 2011 թվականի արտաքին քաղաքականության հիմնական խնդիրն է լինելու: Իսկ 2010-ի ձեռքբերումների մասին խոսելով ՝ նշել էր, որ անցնող տարի հիմնական առաջնահերթությունը երկրի շահերի պաշտպանությունն ու դրանց ամրապնդումն է եղել:
Պատրաստեց Էմմա Գաբրիելյանը

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում