Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին երեկ Թեհրանում տեղի ունեցած կառավարական նիստի ժամանակ ողջունել է ՄԱԿ ԱԽ-ում Սիրիայի վերաբերյալ բանաձևի վրա Ռուսաստանի ու Չինաստանի կողմից վետո դնելը:
Սալեհին հայտարարել է. «ՄԱԿ ԱԽ-ը պատրաստվում էր պատժամիջոցներ սահմանել Սիրիայի նկատմամբ: Դա հակասում է այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու ՄԱԿ ԱԽ-ի պարտականություններին: ՄԱԿ ԱԽ-ն վերածվել է արևմտյան երկրների կողմից ոչ արևմտյան երկրներին ահաբեկելու գործիքի: Սակայն այս անգամ Ռուսաստանն ու Չինաստանը կանխեցին դա:
Արևմտյան երկրները առաջարկում են գահընկեց անել Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին և իշխանությունը հանձնել փոխնախագահին: Սակայն միջազգային իրավունքի ոլորտում գոյություն չունեն այնպիսի օրենքներ, որոնք թույլ կտային միջամտել այլ երկրների ներքին գործերին»:
Նշվում է, որ վերջին շրջանում Ռուսաստանն ու Չինաստանը 2-րդ անգամ են վետո դնում Սիրիային առնչվող բանաձևի վրա: