Ֆիլիպինյան արշիպելագում այսօր առավոտյան տեղի ունեցած երկրաշարժերի զոհ է դարձել երեխա: Այս մասին հաղորդում է AP գործակալությունը` հղում կատարելով տեղի իշխանություններին:
6,7-ից 4,8 մագնիտուդով երկրաշարժերը տեղի են ունեցել Նեգրոս կղզում` երկրի մայրաքաղաք Մանիլայից մոտ 500 կմ հեռավորության վրա:
Ֆիլիպիննների հրաբխային և սեյսմիկ ինստիտուտի տվյալներով` երկրակեղևի տեղաշարժի հետևանքով առաջացել է մինչև մեկ մետրի հասնող ցունամի: Նախազգուշացման խաղաղօվկիանոսյան կենտրոնի մասնագետները, սակայն, կարծում են, որ մակընթացության ալիք առաջանալու նախադրյալներ չկան:
Տարերքի զոհ է դարձել մի երեխա, որը ճզմվել է բետոնե պատի հարվածից:
Մի շարք բնակավայրերում երկրաշարժից անմիջապես հետո խուճապ է առաջացել` մարդիկ լքել են տները, խանութներն ու հաստատությունները:
Տեղական իշխանությունների տվյալով` մի քանի շենքերի հասցվել է նյութական վնաս:
Ներկայում ճշտվում են հնարավոր զոհերի ու տուժածների անունները: