Փետրվարի 4-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Մոսկվայի Հոկտեմբերյան փողոցի տան յոթերորդ հարկի պատուհանից, միմյանց ձեռք բռնած, ցած են նետվել 64-ամյա թոշակառու կինը և նրա 40-ամյա որդին: Ստացած վնասվածքներից երկուսն էլ մահացել են: Ժամանած ոստիկանները, բացելով նրանց բնակարանը, հայտնաբերել են գրություն, ըստ որի՝ մորը և որդուն ինքնասպանության է դրդել ծանր նյութական վիճակը։ Նրանք երկուսն էլ չէին աշխատում:
Ինչպես տեղեկացնում է Русская служба новостей-ը, Նախագահական խորհուրդը մտադիր է պարզել աղքատ թոշակառու կնոջ և նրա որդու ինքնասպանության պատճառները: Ռադիոկայանի ուղիղ եթերում նման խոստում է տվել ՌԴ նախագահին առընթեր Խորհրդի նախագահ Միխայիլ Ֆեդոտովը:
«Եթե նրանք իրոք դիմել են, և նրանց չեն օգնել, մերժել են, ապա դա խայտառակություն է: Պետք է պատժել ամենախիստ ձևով»,- ասել է նա: Միևնույն ժամանակ նա չի բացառել, որ թոշակառու կինը և նրա որդին գուցե պարզապես «ուժ չեն գտել իրենց մեջ, որպեսզի ելք փնտրեն»: