Այսօր ԵԱՀԿ նախագահի ներկայացուցիչ Բոլատ Նուրգալիեւը հակամարտող կողմերին քաղաքական կամք դրսևորելու և հակամարտությունները լուծելու կոչ է արել: Բ.Նուրգալիևը ասել է, թե ԵԱՀԿ անդամ պետությունների քաղաքական կամքը կարևոր գործոն է կազմակերպության հաջողության գործում, այդ թվում` ձգձգված հակամարտությունը լուծելուն ուղղված նրա ջանքերին։
Ելույթ ունենալով Վիեննայում տեղի ունեցած ԵԱՀԿ ռազմաքաղաքական, տնտեսական, բնապահպանական, անվտանգության թեմայով ասուլիսի ժամանակ՝ Նուրգալիևը նշել է, որ պետք է խելամտորեն օգտագործել դեկտեմբերի 1-2-ին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովի ընձեռած հնարավորությունները։ «ԵԱՀԿ-ն նախագահող Ղազախստանը գիտակցում է, որ անկախ նրանից, թե որքան համոզիչ լինեն միջնորդների փաստարկները, բայց եթե բացակայում է կողմերի քաղաքական կամքը համապարփակ կարգավորման հասնելու հարցում, քիչ բանի է հնարավոր հասնել»,-ըստ ադրբեջանական գործակալությունների` նշել է նա։