Արևելագետ Սուրեն Մանուկյանը համոզված է, որ նախօրեին Սիրիայում հայ երիտասարդի առևանգման դեպքն չարժե դիտարկել ազգային կամ թշնամանքի հողի վրա: Այս մասին նա ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ սա Սիրիայի գործող նախագահ Բաշար ալ Ասադի կողմը բռնած հայերի դեմ բարձրացող դժգոհության ալիքի վկայություն է:
«Չեմ կարծում, որ սա սիրիահայերի հանդեպ նպատակաուղղված քաղաքականության դրսևորում է: Հայերը Սիրիայում ընկալվում են որպես այդ երկրի քաղաքացիներ: Կարծում եմ՝ ազգությունն այստեղ կապ չունի, ընդամենն այնպես է ստացվել, որ այդ տղան հայ է եղել և բավական հարուստ ընտանիքի զավակ: Հարցն ավելի շատ սոցիալական բնույթի է, հետևաբար այդ տղայի ընտրությունը կատարվել է ոչ թե ազգային, այլ զուտ սոցիալական չափանիշներ հաշվի առնելով»,- ասաց արևելագետը:
Հիշեցնենք, որ Հալեպի հայկական թաղամասերից մեկում օրերս հայ երիտասարդի են առևանգել և մոտ 50 հազար դոլար փրկագին են պահանջում: