Երեկ Հանրային հեռուստատեսության «Իրական քաղաքակականություն» հաղորդաշարին տված հարցազրույցում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը անդրադառնալով ԵՄ-ի հետ հարաբերությունների, ծրագրերի հարցին` պատասխանել է. «Ինչ վերաբերվում է ասոցիացման համաձայնագրի շուրջ բանակցություններին, արդեն նշեցի, որ այս տարի դրանք մեկնարկեցին: Մեկնարկից` հուլիսից մինչ այսօր երեք փուլ բանակցություններ են վարվել և նաև աշխատանքային խմբերի յոթ հանդիպումներ են եղել, որոնց արդյունքում բավականին առաջընթաց կա: Մենք սկսել ենք բանակցությունները 14 ուղղություններով, և այսօր 5-6 ամսվա ընթացքում, փաստորեն, արդեն եզրափակել ենք բանակցությունները 9 ուղղությամբ: Դա խոսում է նրա մասին, որ բանակցությունները իսկապես արդյունավետ են ընթանում և նաև ցույց է տալիս մեր՝ բավական մոտ դիրքորոշումները ԵՄ-ի հետ բազմաթիվ հարցերի վերաբերյալ: Ասոցիացման համաձայնագրի կնքումը նոր մակարդակի կբարձրացնի և նոր իրավական հիմքերի վրա կդնի մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ: Նաև այդ շրջանակներում մենք քննարկում ենք խորը համապարփակ առևտրային գոտու ստեղծման հարցը և նախապատրաստում ենք բանակցությունների մեկնարկը, որը հուսով ենք կլինի մոտ ապագայում: Արդեն մյուս տարվա սկզբից բանակցություններ կվարվեն վիզային ռեժիմի դյուրացման վերաբերյալ, ինչը իհարկե բարենպաստ հնարավորություններ կստեղծի ոչ միայն մարդկային շփումների, ընդհանրապես հումանիտար, նաև բիզնես կապերի առումով: Կարծում եմ, որ մենք հնարավորինս արագ կանցկացնենք այդ բանակցությունները, իսկ հաջորդ փուլը ընդհանրապես վիզաների վերացմանն է վերաբերում: Իհարկե դա այդքան մոտ ապագայի հարց չէ: Բայց սա է ապագայում մեր նպատակը:
Ինչ վերաբերվում է մեր գործընկերներին՝ Եվրամիության անդամ բազմաթիվ երկրների հետ մենք ունենք բավական լավ հարաբերություններ: 2010 թվականին Թե Ֆրանսիա, թե Գերմանիա կատարվեցին Նախագահի պաշտոնական այցելություններ, հանդիպումներ կայացան նախագահ Սարկոզիի և կանցլեր Մերկելի հետ, բավական կարևոր պայմանավորվածություններ ձեռք բերվեցին»: