Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանն այցելել է Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի քիմիաթերապիայի կլինիկա: Հանրապետության առաջին տիկինը գալիք տոների կապակցությամբ շնորհավորել է այս հաստատություններում բուժվող օնկոլոգիական հիվանդություններով տառապող երեխաներին և հանձնել նվերներ: Առաջին տիկնոջ նախաձեռնությամբ, երեխաները, որպես Ամանորի նվեր, ստացել են նաև տոնածառեր, որոնք զարդարել են իրենց ցանկությունները ներառող բացիկներով: Տիկին Ռիտա Սարգսյանը խոստացել է, որ երեխաների գրած ցանկությունները անպայման կիրականանան:
Ամանորի նախօրեին Հանրապետության առաջին տիկինը հանդիպել է նաև 1988 թ. ավերիչ երկրաշարժից հետո ստեղծված «Հայաստանի նոր անուններ» կազմակերպության պատանի երաժիշտ կատարողների հետ, ունկնդրել ավելի քան երեսուն երկրում Հայաստանի դրոշը բարձր պահած տաղանդավոր երիտասարդների կատարումները: «Հայաստանի նոր անուններ» կազմակերպության սաների կողմից տիկին Սարգսյանին առաջարկվեց դառնալ կազմակերպության պատվավոր նախագահ, ինչը սիրով ընդունվեց:
Այնուհետև Ռիտա Սարգսյանն այցելել է «Մեր տունը» սոցիալական հասարակական կազմակերպություն: Առաջին տիկինը հանդիպել է կազմակերպության սաներին, ովքեր հիմնականում չափահաս դարձած մանկատան երեխաներ են, շնորհավորել նրանց գալիք տոների կապակցությամբ:
Առաջին տիկնոջ հավաստմամբ, սոցիալական, առողջապահական և մշակույթի ոլորտները 2011 թ. ևս կշարունակեն մնալ նրա մշտական ուշադրության կենտրոնում: