Ռուսական Интерфакс գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան երեկ միջազգային հանրությանը կոչ է արել աջակցել Իրանի նկատմամբ սահմանած պատժամիջոցներին.
«Իրանի միջուկային ծրագիրն էական սպառնալիք է: Դրա համար էլ միջազգային հանրությունը պետք է միավորի իր ջանքերը և առավել կոշտացնի Թեհրանի դեմ սահմանված պատժամիջոցները:
Մենք ունենք վիթխարի հնարավորություններ՝ Իրանի վրա ճնշում գործադրելու համար: Դրանք բավական են, որպեսզի Իրանը մեկուսացնեն մնացյալ աշխարհից: Պետք է շարունակել Իրանի վրա գործադրվող ճնշումը, որպեսզի Իրանի իշխանությունները հրաժարվեն միջուկային զենքի հետագա մշակումից»:
Հիշեցնենք, որ երեկ ամերիկյան The Washington Post թերթին տված հարցազրույցի ժամանակ Լեոն Պանետան հայտարարել է, որ Իսրայելը կարող է արդեն այս գարնանը հարված հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին.
«Շատ հավանական է, որ Իսրայելն Իրանին կհարվածի ապրիլին, մայիսին կամ հունիսին: Այսինքն՝ դա տեղի կունենա, ինչպես ասում են իսրայելցիները, նախքան Իրանի կողմից «իմունիտետի գոտին» անցնելը և ատոմային ռումբի ստեղծման աշխատանքներ սկսելը»: