Այսուհետ Երևան քաղաքի յուրաքանչյուր քաղաքացի կարող է հետևել Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների գործունեությանը: Քաղաքապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ, Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում մի շարք փոփոխություններ են իրականացվել քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատանքներն ավելի թափանցիկ դարձնելու նպատակով: Պաշտոնական կայքում տեղադրվել են բնակչության լայն զանգվածներին առնչվող գործառույթներին վերաբերող նորություններ: Բնակիչը, այցելելով քաղաքապետարանի պաշտոնական կայք, գլխավոր էջից մուտք գործելով «Մեկ պատուհան» բաժին, հնարավորություն ունի տեղեկանալու քաղաքապետարանին և վարչական շրջանների աշխատակազմերին ուղղվող դիմումների օրինակելի ձևերին, ինչպես նաև այդ դիմումների քննարկման ընթացակարգերին: Կայքի գլխավոր էջում քաղաքացիները կարող են օգտվել նաև «Թեժ գծի» ծառայություներից, որը գործում է «Մեկ պատուհան» ծրագրի շրջանակներում: Աշխատանքային բոլոր օրերին՝ ժամը 09:00-ից մինչև 18:00-ն, զանգահարելով 51-41-52 և 51-41-87 հեռախոսահամարներով, բնակիչները կարող են հաղորդել ցանկացած տեղեկատվություն իրենց գրությունների և դիմումների կատարման ժամկետների խախտումների, ինչպես նաև տեղ գտած այլ թերությունների վերաբերյալ: