Asbarez.com կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ այցելած Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հանդիպում է ունեցել հայամետ կոնգրեսականներ Ադամ Շիֆֆի և Հովարդ Բերմանի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմանի հարաբերություններին առնչվող խնդիրներ:
Հայամետ կոնգրեսականները Սաակաշվիլիին խնդրել են ավելի մեծ ուշադրություն դարձնել հայաբնակ Ջավախքին՝ ընդգծելով, որ Ջավախքը տնտեսական, կրթական ու զարգացման տեսանկյունից հետ է մնացել Վրաստանի մյուս շրջաններից:
Սաակաշվիլին հայտարարել է, որ դեպի Ջավախք ավելի մեծ ռեսուրսներ ուղղելու հարցում պատրաստ է համագործակցել հայամետ կոնգրեսականների հետ: Սաակաշվիլին հավելել է, որ լիովին ողջունում է տվյալ տարածաշրջանին ամերիկյան հավելյալ օգնության տրամադրումը:
Հանդիպումից հետո Շիֆֆը հայտարարել է. «Ես շատ գոհ եմ նախագահ Սաակաշվիլիի հետ ունեցած հանդիպումից: Երբ մենք բարձրացրինք վիրահայերին հավելյալ օգնություն տրամադրելու հարցը, նա վճռականորեն հայտնեց իր աջակցությունը»:
Բերմանն իր հերթին հայտարարել է, որ շարունակելու է պայքարել Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հանդեպ արդար վերաբերմունքի և նրանց հավասար իրավունքների համար: