«Արմենպրես» լրատվական գործակալության նախկին պետ Հրայր Զորյանն այսօր նշանակվել է ՀՀ ԱԺ Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ: Այս լուրը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հաստատեցին նաև ԱԺ-ից:
ՀՀ ԱԺ քարտուղարության պետ-աշխատակազմի ղեկավարի տեղակալ Թաթուլ Սողոմոնյանն ասաց, որ Զորյանի նշանակման հրամանը ստորագրվել է այսօր: «Նա աշխատանքի է ընդունվել պայմանագրային հիմունքներով»,- ասաց Սողոմոնյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետի պաշտոնը թափուր է հունվարի 30-ից` ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի որոշմամբ Գոհար Պողոսյանին զբաղեցրած պաշտոնից ազատելուց հետո:
Հրայր Զորյանին այս պաշտոնում նշանակելով, սակայն, ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը թույլ է տվել օրենքի խախտում: Բանն այն է, որ «ԱԺ աշխատակազմում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն ՀՀ ԱԺ Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետը կամ պետք է նշանակվերի ԱԺ աշխատակազմից կամ պետք է թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարվեր:
Հրայր Զորյանը «Արմենպրեսի» տնօրենի պաշտոնից ազատվեց անցած տարի` շատ ծածուկ պայմաններում: Շրջանառվող լուրերի համաձայն նրա պաշտոնավարման տարիներին պետական լրատվական գործակալությունը միլիոնավոր պարտքեր է կուտակել, որոնց մի մասի գոյանալու պատճառները այդպես էլ անհասկանալի են, քանի որ «Արմենպրեսը» պետբյուջեից մշտապես ստացել է իրեն հասանելիք գումարները: