ՆԱՏՕ-ն կազմակերպության բարեփոխումների շրջանակում կրճատելու է ռազմաօդային ուժերի հրամանատարության շտաբ-բնակարաններից մեկը և Գերմանիայում ամերիկյան «Ռամշտեյն» ռազմական բազայում ստեղծելու է Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգի հրամանատարական կետ: Այս մասին գրում է Stars and Stripes-ը:
Մինչ այժմ ՆԱՏՕ-ն ուներ ռազմաօդային ուժերի երկու շտաբ-բնակարան` հյուսիսայինը՝ «Ռամշտեյն» բազայում և հարավայինը` թուրքական Իզմիր քաղաքում:
«Այժմ մենք ունենք միայն մեկ շտաբ-բնակարան»,- մեջբերում է պարբերականը ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ Մանֆրեդ Ռոյդենբախին, որն ավելացրել է, թե փաստացի տեղի է ունենալու երկու բազաների միավորում: Ռոյդենբախի խոսքերով՝ ՆԱՏՕ-ի բարեփոխումների արդյունքնում, որն անցկացվում է կազմակերպության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, «Ռամշտեյն» բազայում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների թիվը 400-ից հասնելու է 500-ի:
Զինծառայողներին Գերմանիա տեղափոխելը և Թուրքիայի շտաբ-բնակարանի փակումը նախատեսված է ընթացիկ տարում, իսկ ամբողջ գործընթացն ավարտվելու է 2013 թվականին: