Դեկտեմբերի 30-ին ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության կողմից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հասցեագրված նամակով տարածվել է Հայաստանի Հանրապետության կողմից տրամադրված տեղեկատվությունը` 2010 թվականի նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից հայ – ադրբեջանական շփման գծում զինադադարի խախտման դեպքերի մասին:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ` նամակում մասնավորապես նշվում է, որ «Ադրբեջանը շարունակաբար չարաշահում է ՄԱԿ-ին իր անդամակցության հանգամանքը` առիթ բաց չթողնելով անամոթաբար վարկաբեկելու Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը»:
«Հակառակ Մինսկի խմբում ընթացող բանակցությունների ոգուն և հակառակ ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի, ադրբեջանական կառավարությունը` հանձինս նախագահի և նրա զանազան ներկայացուցիչների, արդեն երկար ժամանակ է՝ իրականացնում են այլատյացության լայնածավալ քարոզչական արշավ Հայաստանի և համայն հայության դեմ, որով ստեղծում են լուրջ սպառնալիք տարածաշրջանում խաղաղության և կայունության համար,- ասված է նամակում:- Հայաստանը, ինչպես և Մինսկի խմբի համանախագահները, մտահոգություն է հայտնում 2010 թվականի ընթացքում շփման գծի երկայնքով ադրբեջանական սահմանախախտումների քանակի աճի և հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ, որոնց արդյունքում բոլոր կողմերից եղել են զոհեր: Ադրբեջանը շարունակում է մերժել Մինսկի խմբի համանախագահների և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչերը շփման գծից դիպուկահարների հեռացման մասին, որոնցից վերջինը հնչել է 2010 թվականի դեկտեմբերի 1-ին Աստանայում` ԵԱՀԿ-ի գագաթնաժողովի շրջանակներում»: Նամակը և կից նյութերը տարածվել են որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Գլխավոր ասամբլեայի փաստաթուղթ:
Հիշեցնենք, որ օրերս ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Գլխավոր ասամբլեայի անդամներին նամակ է հղել կազմակերպությունում Ադրբեջանի ներկայացուցիչը` հերթական անգամ Հայաստանին մեղադրելով «օկուպացիոն քաղաքականություն վարելու» մեջ: