Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Ուկրաինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտայի հետ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ Երևանի քաղաքապետը բարձր է գնահատել հայ-ուկրաինական հարաբերությունները` նշելով, որ Երևանի և ուկրաինական քաղաքների միջև ձևավորված բարեկամական կապերը ընդլայնվելու մեծ հեռանկար ունեն:
Քաղաքապետը ներկայացրել է մայրաքաղաքի զարգացման հիմնական ուղղությունները և ընդգծել, որ տեղական ինքնակառավարման բնագավառում համատեղ ծրագրերի իրականացումը կարող է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնել մի շարք ոլորտներում:
Դեսպանը քաղաքապետին վստահեցրել է, որ առաջարկները կներկայացնի ինչպես պետական կառավարական, այնպես էլ ուկրաինայի գործարար շրջանակներին։
Տ. Մարգարյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել ուկրաինական կողմին՝ համատեղ ծրագրերի իրականացման գործում: Կողմերը քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: