Օրերս Աթենքի «Էքսպո» ցուցահանդեսային համալիրում Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Գործարար խորհրդի հովանու ներքո կայացավ «Ավանդական արտադրանք» առևտրային ցուցահանդես-փառատոնը, որտեղ մի շարք երկրների ազգային տաղավարների կողքին ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ բացվեց նաև հայկական տաղավար:
Նմանօրինակ բնույթի միջոցառմանը առաջին անգամ մասնակցեց Հունահայկական առևտրաարդյունաբերական պալատը, որը վերագործարկվելով երկարամյա ընդմիջումից հետո` աստիճանաբար ավելի է ընդարձակում իր գործունեությունը: Հայաստանից ներկրումներով զբաղվող պալատի անդամները տաղավարում ներկայացրեցին հայկական տարբեր արտադրանք, այդ թվում` կոնյակ, գինիներ, ժամացույցներ և այլն:
Միաժամանակ, տաղավարում, Զարգացման հայկական գործակալության հետ համագործակցությամբ, ցուցադրվեցին և այցելուներին բաժանվեցին հայաստանյան ընկերությունների և Հայաստանից արտահանվող տարբեր ապրանքատեսակների վերաբերյալ տեղեկատվական և գովազդային նյութեր: